Ընդդիմությունը հայտարարում է՝ աշխատելու են «Փաշինյանի պաշտոնանկության գործընթացի ուղղությամբ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը շարունակում է մնալ ընդդիմության գլխավոր օրակարգը, որի ճանապարհին կիրառելու են նաև նոր գործիք՝ իմպիչմենտի նախաձեռնություն, վստահեցնում է ընդդիմությունը՝ երեկ լուսադեմին Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելուց ու պայքարը նոր մարտավարությամբ շարունակելու մասին հայտարարությունից հետո։

«Պաշտոնանկության գործընթաց․ դրա համար անհրաժեշտ է երկու ուղղություններով գործընթաց․ առաջինը՝ պաշտոնանկության իրավական և քաղաքական հիմքերի ստեղծում, որն առկա է, հստակ է, շատ բան չկա էս ուղղությամբ անելու, և սրա հանրային, ժողովրդական գործուն պահանջի դրսևորում, և երկրորդը՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում», - ասաց Սաղաթելյանը։

Իմպիչմենտի կամ վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար պետք է պատգամավորների առնվազն մեկ երրորդի ստորագրությունը, այդ թվով պատգամավորներ ընդդիմադիր երկու խմբակցություններում չկան։

Արդյո՞ք նրանք վստահ են, որ քաղաքացիական պայմանագրում կա գոնե մեկ պատգամավոր, որ կմիանա իրենց նախաձեռնությանը, հետաքրքրվեցինք Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանից:​ «Իմպիչմենտի գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ որ դրա հաջողության հասնելու համար լինեն բավարար պայմաններ։ Սրանով Ձեր հարցի ամբողջ պատասխանը, կարծում եմ, կարող եք գտնել», - պատասխանեց նա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» բացառում են, որ իրենց շարքերից ընդդիմության նախաձեռնությանը միացողներ կարող են լինել։ Իմպիչմենտը հաջողություն չի կարող ունենալ, ընդդմիությանը կմնա սպասել հաջորդ ընտրություններին՝ փորձելու իրենց ուժերը, ասում է Արսեն Թորոսյանը։

«Իրանց համակիրների փոքր բանակին նման ստերով սնուցելը ես չեմ կարծում, որ որևէ վտանգ է պարունակում ոչ մեր խմբակցությանը, ոչ կառավարությունը, ոչ էլ մեր երկրին: Դա ավելի շատ իրանց համար է վտանգավոր, որովհետև հերթական ձախողված փորձն է լինելու քաղաքական պրոցեսի», - հայտարարեց Թորոսյանը:

Թեև ընդդիմությունը փողոցային պայքարով չհասավ իր առջև դրված վերջնարդյունքին, բայց համարում են, որ մեծ ձեռքբերումներ ունեցան։ Իշխան Սաղաթելյան կարծիքով՝ առնվազն կարողացել են խախտել Փաշինյանի ժամանակացույցը՝ «նոր զիջումների ու երկիրը հանձնելու վերաբերյալ»։

Իշխող խմբակցության պատգամավորը, սակայն, տարակուսում է ընդդիմության՝ հաջողությունների մասին հայտարարությունից, վստահ է՝ ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո ընդդիմադիրներն իրենք էլ պետք է հասկանային՝ ցույցերն իշխանափոխության չեն հանգեցնելու։

«Դա կլասիկ շարունակություն է իրենց քաղաքական ժամավաճառության, քանի որ իրենց ոչ մի գործողություն, որևէ արդյունքի չի հասնում, և ի սկզբանե այսինքն մեռելածին պրոցես էին իրենք սկսել է, դա հայտնի էր բոլորին, մեզ, այդ թվում՝ իրենց էր հայտնի: Ես նույնիսկ չգիտեմ ինչի համար իրենք դա սկսեցին: Ինչ-որ նոր բան են ուզում մոգոնեն՝ ժողովրդական լեզվով ասեմ», - նշեց Արսեն Թորոսյանը:

Վերջին ընտրություններից հետո մինչդեռ շատ բան է փոխվել, վստահ է Սաղաթելյանը. - «Հիմա բոլոր հիմքերը կան, իրավիճակ է փոխվել, սա զարգացնել և շարժումը տանել հաջողության: Ի՞նչ է պետք սրա համար, յուրաքանչյուրը իր վերջնական ջանքը դնի այս գործի մեջ»:

Նույն օրակարգով ու նոր մարտավարությամբ շարունակելիս ո՞վ է արդեն ընդդիմության առաջնորդը։ Օրեր առաջ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հենց Սաղաթելյանին էր անվանել «ընդդմիության լիդեր»։ Ո՞ր պահին է որոշվել, որ նա է առաջնորդը, հետաքրքրվեցինք ԱԺ փոխնախագահից։

«Կարծում եմ՝ որևէ մեկի համար, ներողություն անհամեստության համար, գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել և կոորդինացրել եմ ես, ու վերջնական որոշումները ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա, էդ համաձայնությանը եկել են շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո», - պատասխանեց Իշխան Սաղաթելյանը:

Կան մեկնաբանություններ, որ պաշտոնաթող նախագահը Սաղաթելյանին անվանեց շարժման առաջնորդ ընդդիմության պայքարի եթե ոչ ձախողումից, ապա առնվազն վերջնարդյունքին չհասնելուց հետո, հնարավո՞ր է նման սցենար, հետաքրքրվեցինք ընդդիմադիր գործչից։ Այս հարցին պատասխանելիս արդեն Սաղաթելյանը հրաժարվեց շարժման առաջնորդի կոչումից։

«Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ առաջնորդը, առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չի», - հայտարարեց նա: