«Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է», - Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացած ավելի քան 1400 անշարժ հուշարձան ոչնչացման սպառնալիքի տակ էՀայաստանի Ազգային ժողովի նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:
Հանդիպմանը կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:
«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ», - նշել է Էբրահիմ Ռայիսին՝ տեղեկացնելով, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:
Ալեն Սիմոնյանը Իրանի նախագահին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի Մեջլիսի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը