Ռուսական կողմը Սևերոդոնեցկի վերջին պաշտպաններին առաջարկել է հանձնվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջարկել է հանձնվել Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տարածքում ամրացած ուկրաինական ուժերին և խոստացել, որ խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցք կբացվի դեպի ռուսների վերահսկողության տակ գտնվող Սվատովո քաղաք։

Տեղական ուկրաինական իշխանությունների պնդմամբ` գործարանի տարածքում մինչև 560 խաղաղ բնակիչներ կան, այդ թվում` երեխաներ։

Ուկրաինական կողմը պնդում է նրանց տարհանել իրենց վերահսկողության տակ գտնվող հարևան Լիսիչանսկ։ Բայց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գտնում է, որ այդ առաջարկը շրջափակման մեջ ընկած ուկրաինական ստորաբաժանումները փրկելու փորձ է։

Ռուսական կողմը հայտարարել է, որ Լիսիչանսկի ուղղությամբ տարհանումը հնարավոր չէ, քանի որ ուկրաինացիները պայթեցրել են երկու քաղաքները կապող բոլոր երեք կամուրջները։

Ուկրաինական կողմը կամուրջները պայթեցնելու մեջ մեղադրում է ռուսական կողմին։ Միաժամանակ տեղական իշխանությունները հայտնում են, որ Սևերոդոնեցկը ամբողջովին կտրված չէ։ Քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկն այսօր ասել է, որ «բավականին բարդ, բայց ուղիներ կան»։