Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն ամիսուկես փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերն այսօր կհայտարարեն՝ ինչպես է «Դիմադրության» շարժումը շարունակելու պայքարը։
Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արդյունավետ որակելով ընդդիմադիրների շարժումը, հորդորել էր սպասել ընդդիմադիր առաջնորդներից Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այսօրվա ելույթին։ Անցած շաբաթ հենց Սաղաթելյանն էր ասել, թե նոր մարտավարության խնդիր ունեն, մտածում են որոշ փոփոխությունների մասին, բայց փակագծեր չէր բացել։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ մի քիչ էլ սպասեք՝ հավելելով՝ չգիտի, թե ինչ նկատի ուներ երրորդ նախագահը։
«Նախորդ շաբաթներին ամեն օր ինչ-որ նորություն է եղել», - նշեց Մանուկյանը:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Սարգսյանը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես ընդհանրապես սիրում եմ իմ հայտարարություններն ու ասածները մեկնաբանել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քննարկում ենք ոչ թե վրանները հավաքելու, այլ՝ ավելացնելու հարցը». Իշխան ՍաղաթելյանՕրեր առաջ Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե վրանները հրապարակում պետք է շատանան, հիմա լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե հենց այսօր ընդդիմադիրները պատրաստվում են բացել Ֆրանսիայի հրապարակը, հավաքել վրանները, որտեղ փաստացի մեկ ամսից ավելի մարդիկ են ապրում։
Վրանները ընդամենը գործիք են, «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը, դրանք կարող են մի օր այս, մեկ օր այլ վայրում լինել:
«Դա կարող է լինել Շահումյան հրապարակը, Գյումրիի Թատերական հրապարակը, Վանաձորի Արցախի հրապարակը, այսինքն ամբողջ Հայաստանը մեր գործունեության դաշտն է, և ամբողջը բերել կենտրոնացնել վրանների վրա.... կրկնում եմ՝ վրանները գործիքներից մեկն են եղել: Կսպասենք ժամը 19:30-ին ավելի հանգամանալից կխոսի, բայց կրկնում եմ՝ վրանը կեցավայր էր կամ բողոքի դրսևորման մի դրվագ, դա կարող է վաղը լինել նստացույց Մաշտոց պողոտայի վրա, Թումանյան խաչմերուկին որոշենք պատգամավորներով նստենք կամ այցելության գնանք որևէ նախարարի պատասխանատվության կանչելու, պարզաբանում ստանալու: Բոլորը գործիքներ են», - ասաց Մանուկյանը:
Հարցին էլ՝ կարծո՞ւմ են, որ այս 40 օրերի ընթացքում հասել են ինչ-որ մի կետի, որ հնարավոր է շարժմանը նոր շունչ տար, թե՞ ի վերջո իրենք էլ են զգացել, որ գուցե մարդիկ հոգնել են և նահանջի տեղ կա, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Մայիսի 1-ից հետո անցնող շաբաթներին այնքան լուսավոր, նոր դեմքեր եմ տեսել: Մայիսի 1-ով սկսված պայքարը և այսօր էլ չդադարող պայքարը եկավ ասելու, որ հայ ժողովրդի, Հայաստանի հասարակության մի կարևորագույն մասը դեմ է այն ամենին, ինչ որ իշխանությունը նախաձեռնել է»:
Իշխանությունը շարունակում է պնդել, որ փողոցում գտնվող ընդդիմադիր ուժերը փաստացի հրաժարվել են իրենց պատգամավորական մանդատներից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ եթե Ազգային ժողովի փոխնախագահը իրեն ավելի լավ է զգում փողոցում, չի ուզում աշխատել խորհրդարանում ավելի պարկեշտ կլինի հրաժարվել այդ պաշտոնից։ Իսկ թե որքան կտևի ընդդիմության պայքարը փողոցում, դեռ որքան փակ կմնա ֆրանսիայի հրապարակը, իշխանության ներկայացուցիչն առաջարկում է անտեսել այդ հանգամանքը:
«Պետք է մոռանալ իրենց գոյության մասին և աշխատել ժողովրդի հետ, բայց այս մարդկանց պետք է հերոսանալ, իրենց պետք է , որ գիշերը մտնեն վրանները հավաքեն, մեկի քթից արյուն գա: Ես պիտի ներողություն խնդրեմ մեր ժողովրդից, որովհետև դա արվում է մեր ժողովրդի նյարդերի հաշվին, բայց ես կարծում եմ, ճիշտը սա է, իրենք պետք է վերջնականապես բացահայտվեն՝ ով են իրենք, վերջնականապես պետք է երևա, որ մարդիկ քաղաքական նպատակներ չունեն, նյութապաշտներ են՝ իմ կարծիքով», - նշեց Խաչատրյանը:
Ի դեպ, այսօր առավոտյան ընդդիմադիրներն ահազանգեցին, որ մեքենա է երթևեկել վրաններից մեկի վրա։ Մանուկյանի խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Վարորդին էլ ոստիկանությունը բերման է ենթարկել։ Թե ով է նա և ինչու է վարել վրանների ուղղությամբ, ո՛չ իշխանությունը և ո՛չ ընդդիմությունը չգիտեն։ Ոստիկանությունից էլ մանրամասներ չեն հաղորդում: