«Իրանի միջուկային կենտրոններում տեղադրված ՄԱԿ-ի տեսչական տեսախցիկների անջատումը կարող է մահացու հարված լինել Թեհրանի և միջազգային հանրության միջև համաձայնագրի կնքման հեռանկարներին», - հինգշաբթի երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Իրանի [միջուկային օբյեկտներում] գտնվող 27 տեսախցիկները հեռացվում են։ Դա, բնականաբար, լրջորեն բարդացնում է մեր հետագա աշխատանքը՝ մասնավորաբար միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի կողմից միջազգային հանրությանը տրամադրվող տեղեկությունների ճշգրտության հաստատումը», - հայտարարում էր ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը միջուկային օբյեկտից հեռացրել է ՄԱԳԱՏԷ-ի երկու տեսախցիկներըՊաշտոնական Թեհրանը իր ենթակայության տակ գտնվող միջուկային կենտրոններից տեսախցիկների հեռացման մասին հայտարարեց ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կառավարող խորհրդի հայտարարության հրապարակումից ժամեր անց։ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հեղինակած այդ բանաձևում Իրանի իշխանությունները ենթարկվում էին կոշտ քննադատության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ բավարար համագործակցության մակարդակ չապահովելու համար։
Արևմտյան պետությունները մասնավորաբար պնդում են, որ Թեհրանն արդեն տևական ժամանակ է չի կարողանում բացատրել ՄԱԿ-ի տեսուչներին, թե 2015 թվականի համաձայնագրով փակված միջուկային օբյեկտներում ինչպես են ուրանի հետքեր ի հայտ եկել։
«Նման քայլերը ապակառուցողական են և կբարդացնեն միջուկային համաձայնագրի ամբողջական կատարման վերադարձին ուղղված մեր հետագա քայլերը։ Նման գործողությունների միակ հետևանքը կարող է լինել միջուկային ճգնաժամի, ինչպես նաև Իրանի տնտեսական ու քաղաքական մեկուսացման հետագա խորացումը»՝-նշված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
2015 թվականի միջուկային համաձայնագիրը ստորագրած երեք եվրոպական պետությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հինգշաբթի օրը առանձին հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով Թեհրանին ավարտին հասցնել անցած տարվա հունիսից Վիեննայում մեկնարկած և այս տարեսկզբին փակուղի մտած բանակցությունները։
«2022 թվականի մարտից սեղանին է մի կենսունակ փաստաթուղթ, որը մի կողմից կապահովի Իրանին ներկայացվող պահանջների կատարումը, մյուս կողմից՝ համաձայնագրի շրջանակներ կվերադարձնի Միացյալ Նահանգներին», - նշում են եվրոպական երեք պետությունների դիվանագետները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի համոզմամբ, սակայն, Թեհրանի վերջին քայլերից հետո գրեթե ամբողջությամբ մշակված նոր համաձայնագրի ճակատագիրը մազից է կախված։
«Ես կարծում եմ, որ դա մահացու հարված կլինի [միջուկային գործարքին]», - երեկ հայտարարում էր Ռաֆայել Գրոսին՝ պատասխանելով լրագրողների մեկի հարցին, թե ինչ կլինի, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնեն վերականգնել տեսախցիկների աշխատանքը և գործակալության տեսուչները չկարողանան չորս շաբաթից ներկայացնել հերթական զեկույցը, որ պետք է փաստի Իրանի կողմից միջուկային համաձայնագրի պահանջների կատարման մասին։
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած շաբաթ՝ գործակալության հեղինակած զեկույցի հրապարակումից հետո։ Դրանում ՄԱԿ-ի փորձագետները պնդում էին, որ Իրանի տրամադրության տակ եղած հարստացված ուրանի պաշարներն այս պահին 18 անգամ ավելին են, քան 2015 թվականին կնքված պայմանագրով սահմանված առավելագույն շեմը։
«Իրանն այս պահին 60 տոկոսով հարստացված 43 կիլոգրամ ուրան է կուտակել։ Դրա 30 տոկոսը հարստացվել է վերջին երեք ամսում», - նշում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները։
Պաշտոնական Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած փաստաթուղթը հակաիրանական որակեց՝ պնդելով, թե այն մշակվել է Իսրայելի ուղղակի քաղաքական ճնշման ներքո։
Իրանցիներին Արևմուտքի հետ հարաբերությունների հերթական սրումը կարծես առանձնապես չի ոգևորում
Շարքային իրանցիներին Արևմուտքի հետ հարաբերությունների հերթական սրումը կարծես առանձնապես չի ոգևորում։ Համենայնդեպս նման տպավորություն է ստեղծվում AFP գործակալության կողմից Թեհրանի փողոցներում անցկացված հարցումից։
«Քանի որ իրանցի ժողովուրդը տնտեսական և քաղաքական ճնշման է ենթարկվում, կարծում եմ Իսլամական հանրապետությունը պետք է ավելի սերտորեն համագործակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Դա թույլ կտա մարդկանց զերծ պահել ավելի մեծ ճնշումներից։ Բացի այդ պետք է համագործակցել, որպեսզի ողջ աշխարհը մեր դեմ դաշինք չկազմի», - AFP թղթակցի հետ զրույցում նշում էր Թեհրանի 56-ամյա բնակիչ Աբաս Ալի Փիրուզեն։
25-ամյա Ռիմայի կարծիքով էլ միջազգային հանրության հետ համագործակցությունը թույլ կտա Իրանին խուսափել հավելյալ անախորժություններից։
«Ավելի լավ կլինի, եթե Իրանը համաձայնի այս բանաձևերի պահանջներին՝ նոր պատերազմներից և հավելյալ պատժամիջոցներից խուսափելու համար», - նշում էր երիտասարդ իրանցի կինը։
Իրանի իշխանությունները, սակայն, կարծես թե չեն պատրաստվում նահանջել։ Տեսախցիկների անջատումը հնարավորություն կտա Իրանին անարգել կերպով նոր ցենտրիֆուգեր շահագործել՝ էլ ավելի մեծացնելով հարստացվող ուրանի ծավալները։
ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների պնդմամբ՝ միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ քանակի հարստացված ուրան Թեհրանն իր տրամադրության տակ կունենա արդեն մի քանի շաբաթից։ Արևմտյան որոշ մասնագետների համոզմամբ էլ՝ Թեհրանից առաջին չորս միջուկային ռումբերի արտադրության համար երեք ամիս կպահանջվի։ Դրանք, սակայն, ըստ Վաշինգտոնում գործող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի, բալիստիկ հրթիռների վրա տեղադրելու համար դեռ պիտանի չեն լինի։
«Միջուկային մարտագլխիկների արտադրությունը իրանցի գիտնականներից կարող է առնվազն վեց ամիս, առավելագույնը՝ երկու տարի խլել», - պնդում են փորձագետները։