Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Սերգեյ Լավրովը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան, ուր վաղը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Սերգեյ Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառուցողական և անկեղծ․ Միրզոյանն այսպես գնահատեց Լավրովի հետ բանակցություններըՌուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։
Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանը այսօր անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։
«Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:
44-օրյա պատերազմից հետո` հայ-ադրբեջանական հաղորդակցական ուղիների վերագործարկմանն անդրադառնալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչին ի պատասխան պաշտոնական Երևանը արձագանքում էր, թե ճանապարհները չեն կարող բացվել «միջանցքային տրամաբանությամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն «մերձեցրել են մոտեցումները ճանապարհներին առնչվող հարցերի շուրջ»Գրեթե կես տարվա դադարից հետո՝ մոտ մեկ շաբաթ առաջ, Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի հերթական հանդիպման արդյունքում՝ ռուսական կողմը հայտարարեց, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Այնինչ, հայկական կողմի հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, չէր նշվում։
Հայ-թուրքական կարգավորումը Անկարան կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան
Միրզոյանը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերություններից՝ նշելով, թե մի կողմից Թուրքիայի բարձրագույն իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ են բացել սահմանը, բայց մյուս կողմից՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարան կապում է Հայաստան-Ադրբեջան գործընթացի հետ։ Այս մոտեցումը Հայաստանի արտգործնախարարը «ոչ կառուցողական» համարեց։
Փառուխի հարցը Լավրովը կապեց սահմանազատման հետ
Այսօրվա ասուլիսին արտգործնախարարներն անդրադարձան Արցախի Փառուխ գյուղի հարցին։ Երկուսուկես ամիս է անցել, ինչ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր գրավեց գյուղի ուղղությամբ՝ նաև զբաղեցնելով կարևոր նշանակություն ունեցող հարակից Քարագլուխ բարձունքի մի մասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ներխուժումից երկու ամիս անց էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխի մոտ
«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ մարտի 24-ին լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Լավրովը Փառուխի շուրջ իրավիճակը կապեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ
«Ինչ վերաբերում է [Փառուխի շուրջ] իրավիճակին, ապա ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, և մեր հայ ընկերները այդ մասին շատ լավ տեղյակ են։ Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի դեէսկալացիայի առումով, և մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման կլուծվեն», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովի այս հայտարարությունից պարզ չդարձավ, թե սահմանազատման գործընթացը ինչպես է կապվում Փառուխի իրադարձությունների հետ։ Միրզոյանը ևս հստակեցում չմտցրեց։
Ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների համաձայնեցման փուլում. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ըստ հայկական կողմի, ռուսաստանցի հյուրն ասել է, թե փոխվարչապետերի մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների համաձայնեցման փուլում: Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում նշել է, որ այդ աշխատանքային խմբի առաջիկա՝ մոսկովյան հանդիպմանը ռուսական կողմը խորհրդատվական ծառայություններ, ներառյալ՝ քարտեզագրական նյութեր կտրամադրի:
Ռուսաստանի արտգործնախարարի այցը Երևան ուղեկցվեց նաև բողոքի ակցիայով։ Արտախորհրդարանական ընդդիմադիր «Ազգային-ժողովրդավարական բևեռը» երեկոյան բողոքի ակցիա իրականացրեց Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ «դատապարտելով Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը» և Լավրովին հայտարարելով անցանկալի անձ Հայաստանում։