Դրամն ամերիկյան դոլարի համեմատ շարունակում է արժևորվել. եթե երկու շաբաթ առաջ հայաստանյան բանկերը մեկ դոլար էին ձեռք բերում 447 դրամով, ապա երեկ քաղաքացիները դոլարը փոխանակում էին 429 դրամով։
Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժևորումը. Կենտրոնական բանկն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից՝ խոստանալով այս հարցին անդրադառնալ հաջորդ շաբաթ։ Փորձագիտներն էլ բացատրում են՝ դրամի արժևորումն ուղիղ կապ ունի ռուսական արժույթի թանկացման հետ։
Այսպես՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շրջանում ռուբլին կտրուկ արժեզրկվել էր, էժանացել էր նաև դրամը։ Իսկ ահա մայիսի ընթացքում ռուսական արժույթը շուրջ 15 տոկոսով թանկացել է, բացատրում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը՝ մանրամասնելով՝ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերոջ արժույթի տատանումները համապատասխանաբար ազդում են նաև դրամի վրա՝ այս դեպքում այն արժևորվում է։
«Իհարկե այդ ազդակները մեկին մեկ չեն փոխանցվում, այսինքն՝ ռուսական ռուբլու միավոր փոփոխությանը դրամն արձագանքում է, օրինակ, 1 տոկոս աճին կարող է արձագանքել 0,12 - 0,3 տոկոս աճով», - ասաց Կարապետյանը։
Տնտեսագետն ընդգծում է՝ սա դրամի արժևորման հիմնական պատճառն է և հայկական արժույթի հետագա թանկացման ավելի ֆունդամենտալ հիմքեր այս պահին չկան, այսինքն՝ հնարավոր չէ ասել՝ դեռ որքան կշարունակվի այս միտումը։
«Մենք չգիտենք, թե էդ հոսքերն ինչ միտումներ կունենան ապագայում, ինչ ալիքներ կլինեն, դա բավականին անկանխատեսելի գործընթաց է։ Ներկայումս սպասումների գործոնով է հիմնականում դրամի արժևորումը տեղի ունենում, համենայն դեպս, տվյալներն էդպես են ցույց տալիս և, կարծում եմ, դա պետք է հարթվի որոշակի ժամանակի ընթացքում», - ասաց տնտեսագետը։
Դրամի համեմատ ավելի էժան դոլարը կարող է դրական ազդել Հայաստանում առկա բարձր գնաճի տեմպերի վրա. արտասահմանում գնվող ապրանքը այսպես ավելի էժան է։ Տնտեսագետի կարծիքով՝ եթե միտումը շարունակվի, առաջիկայում թանկացումների տեմպը որաշակիորեն կմեղմանա։ «Սա շատ շոշափելի զարգացումը է, որը գների վրա վստահաբար իր ազդեցությունն ունենալու է», - ասաց Նարեկ Կարեպետյանը։
Ապրիլ ամսվա տվյալներով Հայաստանում 12-ամյսա գնաճը կազմել է 8.4 տոկոս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սննդամթերքի թանկացումն ահագնացել է