ԱՄՆ-ում չեն բացառում, որ Մոսկվան առաջիկայում կիբերպատերազմ հայտարարի Վաշինգտոնին

SWIFT միջազգային դրամական փոխանցումների համակարգից Ռուսաստանի անջատումն ու Մոսկվայի դեմ սահմանվող արևմտյան պատժամիջոցները կաթվածահար են արել Ռուսաստանի ֆինանսական համակարգը: Սա, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող ամերիկյան աջակցությունն ու զենքի մատակարարումը նյարդայնացրել են Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով, ըստ Cyberspace Solarium կոմիտեի համանախագահ Մայք Գալեգերի, կարող է առաջիկայում կիբերպատերազմ հայտարարել Վաշինգտոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է SWIFT-ը, որից Արևմուտքը փորձում է անջատել Ռուսաստանին

«Եթե իրավիճակը ավելի սրվի, կարծում եմ՝ մեր կարևորագույն ենթակառուցվածքները կարող են ռուսական կիբերհարձակումների թիրախ դառնալ», - ասել է Cyberspace Solarium կոմիտեի համանախագահը։

Գալեգերի մտավախությունը կիսում է նաև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին ծրագրային ապահովման սպա Նիկոլա Շեյլանը․ - «Կիբերպատերազմը կարող է ավելի սարսափելի լինել, քան ավանդական պատերազմը»։

ԱՄՆ-ը պատրա՞ստ է դիմակայել հնարավոր կիբերպատերազմին

Արդյո՞ք Միացյալ Նահանգները պատրաստ է դիմակայել հնարավոր կիբերպատերազմին։ Պատասխանը, ըստ Նիկոլա Շեյլանի, միանշանակ չէ։ «ԱՄՆ-ն կիբերհարձակման մեջ առաջատար դիրքերում է, այդ ոլորտում մենք լայն հնարավորություններ ունեք։ Մեր պաշտպանական կարողությունները, սակայն, բավականին թույլ են, իմ բնորոշմամբ, մանկապարտեզի մակարդակի», - ասել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին ծրագրային ապահովման սպան։

Նիկոլա Շեյլանը կոդավորման մասնագետ է, որը 2016-ից աջակցում է ԱՄՆ-ի կառավարությանը միջազգային կիբերհանցագործության դեմ պայքարում: Մասնագետը տպավորված չէ կիբերհամակարգերի պաշտպանության ոլորտում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ կառավարությանը ծառայություններ տրամադրող մասնավոր ընկերությունների կարողություններով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հայտարարում է, թե պատրաստ է դիմակայել եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթին

«Բազմաթիվ ընկերությունների անհրաժեշտ համակարգերը հասանելի են դառում ինտերնետով, քանի որ նրանք տեղում սպասարկող բավարար մասնագետներ չունեն: Նրանք պետք է հեռակա առցանց մասնագետներ ուղարկեն, որպեսզի միացնեն համակարգերը, բայց դա միաժամանակ մեծացնում է կիբերհանցագործությունների ռիկսը», - կարծում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին ծրագրային ապահովման սպան։

Շեյլանը հիշեցնում է անցած տարի ԱՄՆ-ի վառելիքի խոշորագույն մատակարար Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակումը, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի բնակչության կեսը զրկվել էր գազից։

«Հայտնի է, որ նախկինում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ներթափանցել ու գտնվել են ամերիկյան համակարգերում ամիսներ, եթե ոչ տարիներ շարունակ։ Հիմա էլ, նրանք, ամենայն հավանականությամբ, ամերիկյան կարևորագույն ենթակառուցվածքային համակարգերի ներսում են հենց այս պահին, երբ մենք խոսում ենք», - ասել է Նիկոլա Շեյլանը։

Նրա կարծիքով՝ չի բացառցվում, որ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հակառակորդներն արդեն իսկ, այսպես կոչված, կիբեր պայթուցիկներ են տեղադրել ամերիկյան համակարգերում՝ գործիքներ, որոնք հնարավոր է ակտիվացվել ճիշտ ժամանակին, ճիշտ պահին։ «Սա իրականում սարսափելի է, իսկ մեր ինքնավստահությունը՝ զվարճալի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն էմբարգո սահմանեց Ռուսաստանից ներկրվող նավթի երկու երրորդի վրա

«Կարծում եմ, որ վնասի չափը մեծ կլինի, բայց այն կտարածվի որոշ տարածաշրջանների վրա»

ՆԱՏՕ-ի Կիբերպաշտպանության համագործակցության կենտրոնի ներկայացուցիչ Ջեքոբ Գալբրիթի կարծիքով, սակայն, նման՝ նույնիսկ լայնածավալ բնույթի կիբերհարձակումները կազդեն միայն սահմանափակ աշխարհագրական գոտիների և ենթակառուցվածքների վրա։

«Կարծում եմ, որ վնասի չափը մեծ կլինի, բայց այն կտարածվի ընդամենը որոշ տարածաշրջանների վրա։ Այդ ոլորտներից շատերում համընկնումներ կան: Այնպես որ, եթե միայն մեկ տարածաշրջանում ազդել են էներգետիկ համակարգի վրա, այդ համակարգը որոշակի առումով ճկուն է», - ասել է Ջեքոբ Գալբրիթին:

«Ռուսները պետք է հասկանան, որ անպատիժ չեն մնա»

Ըստ որոշ փորձագետների, գերտերությունները ձեռնպահ են մնում լայնամասշտաբ կիբերհարձակումներից՝ ելնելով «Փոխադարձ երաշխավորված ոչնչացման» դոկտրինից։ Այս դոկտրինը արդյունավետ զսպող միջոց է, որը վերաբերում է ոչ միայն միջուկային, այլ նաև՝ կիբերպատերազմներին:

Զսպման այս սկզբունքը ենթադրում է, որ մի գերտերության կողմից մյուսի դեմ կիբերհարձակումը կարժանանա համարժեք պատասխանի։

«Ռուսները պետք է հասկանան, որ անպատիժ չեն մնա», - ասում է ՆԱՏՕ-ի Կիբերպաշտպանության համագործակցության կենտրոն ներկայացուցիչ Ջեքոբ Գալբրիթը։

Հաշվի առնելով, որ համակարգչային տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, գերտերությունները միայն կարող են կռահել, թե ինչպիսի կիբերհարձակողական գործիքներ կարող են ունենալ իրենց հակառակորդները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)