Յուվալդիի դպրոցի սպանդից ընդամենը մի քանի օր անց Տեքսասում անցած շաբաթավերջին կայացավ զենք կրելու ամերիկացիների սահմանադրական իրավունքի համար պայքարող ամենախոշոր ու ազդեցիկ լոբբիստական կազմակերպության՝ «Հրազենի ազգային ընկերակցության» ամենամյա համաժողովը` ընկերակցության 50 հազար անդամների մասնակցությամբ։
Յուվալդի քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրազենային հարձակման հետևանքով 19 մանկահասակ երեխա ու երկու ուսուցիչ էր սպանվել։ Տեղի իշխանությունները խնդրել էին կազմակերպիչներին գոնե երեխաների սպանդից հետո հետաձգել համաժողովը, ինչին ի պատասխան՝ «Հրազենի ազգային ընկերակցության» գործադիր տնօրեն Ուեյն Լա Պիերը հայտարարել էր. «Մենք բոլորս աղոթում ենք այս համայնքի և ամբողջ Ամերիկայի հետ: «Հրազենի ազգային ընկերակցության» անդամները նույնպես ծնողներ են: Մենք որդիներ, դուստրեր և սիրելիներ ունենք: Այսօրինակ ողբերգությունները սարսափելի, աներևակայելի ցավ են պատճառում շատերին։ Սա սխալ է, որը երբեք չպետք է կրկնվի»:
Ողբերգական հրաձգությունից անմիջապես հետո նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել ամերիկացի օրենսդիրներն քվեարկել զենքի մասին օրենքները խստացնելու նախագծերի օգտին։
«Զենք արտադրողները երկու տասնամյակ է արդեն, որ հարձակողական զենքի վաճառքի ագրեսիվ մարկետինգային քաղաքականություն են վարում և արդյունքում հսկայական շահույթ ստանում։ Ի սեր Աստծո, մենք պետք է քաջություն ունենանք դիմադրելու այդ արդյունաբերությանը»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Մինչ Յուվալդիում մարդիկ սգում են երեխաների մահը, «Հրազենի ազգային ընկերակցության» ամենամյա համաժողովում ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով՝ «երբ Բայդենը մեղադրում է զենք կրելու կողմնակիցների շահերը ներկայացնող լոբբիստական խմբերին, նա հենց իր նման ամերիկացիներին է մեղադրում»:
«Սա խիստ պառակտիչ և վտանգավոր հռետորաբանություն է, և որ ամենակարևորն է՝ սխալ: Դա չպետք է տեղ ունենա մեր քաղաքականության մեջ: Ինչպես միշտ, նման ողբերգություններից հետո ձախերը փորձում են զենքի սահմանափակումների իրենց քաղաքականությունը առաջ տանել, որը միևնույն է` ի զորու չէ կանխարգելել նման սարսափելի միջադեպերը», - հայտարարել է Թրամփը։
Զենքի օրենքների խստացման քաղաքականությունը ենթադրում է նաև հրազենի արգելքի վերականգնում։
Տեքսասից հանրապետական սենատոր Թեդ Քրուզն իր ելույթում պնդել է, որ դեմոկրատ կոնգրեսականները փորձում են դպրոցներում տեղի ունեցող հրազենային սպանությունները ծառայեցնել իրենց քաղաքական օրակարգին:
«Քաղաքական հակառակորդներին զրպարտելն ու պատասխանատու քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքից զրկելն ավելի հեշտ է, քան ուսումնասիրել այն մշակույթը, որը ծնում է նման անևերակայելի չարագործություններ։ Նպատակահարմար չէ պարզել Ամերիկայում այդքան տարածված հուսահատության, մեկուսացման և ատելության նման չափափաժնի բուն պատճառները», - ասել է հանրապետական սենատորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կքննի Տեքսասի դպրոցում սպանդի ժամանակ ոստիկանության գործողությունները
Հյուսթոնի խաղաղության և արդարադատության կենտրոնի նախագահ Բիլ Քրոզիեի կարծիքով՝ «Հրազենի ազգային ընկերակցությունը» պետք է չեղարկեր իր հավաքը. «Ես վիրավորված եմ, որ մեր քաղաքը ընդունել և ողջունել է այս մարդկանց, ովքեր ֆինանսավորում են թե՛ զենք արտադրողներին, թե՛ քաղաքական գործիչներին, և թե՛ գործող պաշտոնյաներին, ովքեր ավելի շատ սպասարկում են իրենց սեփական, քան մեր՝ ժողովրդի շահերը»:
«Հրազենի ազգային ընկերակցությունը» շուրջ 56 հազար քառակուսի մետր տարածքում ցուցադրել ու գովազդել է տարբեր տեսակի զինատեսակներ, համաժողվի ընթացքում կազմակերպվել են նաև ճեպազրույցներ՝ նվիրված նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում զենքի կողմնակից թեկնածուներին աջակցելու իրենց ռազմավարությանը: Այս լոբբիստական խումբը միլիոնավոր դոլարների ֆինանսական աջակցություն է տրամադրում այն թեկնածուներին ու կոնգրեսականներին, ովքեր դեմ են «զենքի մասին օրենքի» սահմանափակումներին։ Սպասվում է, որ այս շաբաթ Սենատը կքննարկի խստացումների մասին օրինագիծը, սակայն դեմոկրատները հույս չունեն, որ հանրապետականները կմիանան իրենց։
Your browser doesn’t support HTML5