Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի բնակավայրերը գիշերը կրկին թիրախավորվել են, հումանիտար խնդիրները ևս դեռ չեն լուծվելԸնդգծելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ շատ հարցեր մնում են չլուծված՝ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել գերիներին, պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգի տակ է, Բաքվից շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Շեշտելով, որ մայիսի 22-ին բրյուսելյան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, «կարող ենք առաջ շարժվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ստորագրելով Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հակադարձում է Ալիևին, կոչ անում չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»
«Տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա»
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից՝ Միրզոյանն ասել է, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։
Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում է թուրքական կողմից, ասել է Հայաստանի արտգործնախարարը։
«Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը», - եզրափակել է Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են «երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»