Ո՞ւմ հրամանով, ինչո՞ւ, ինչպե՞ս են Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զինծառայողները Կովսական-Զանգելանի դպրոցի մոտ հայտնվել, երբ ժամեր առաջ արդեն քաղաքի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։
Ընդամենը 10 օրվա պայմանագրային Հովհաննես Ներսիսյանի մայրը, մյուս ծնողների հետ տարիուկես է անուններ ու փաստեր են աղաղակում. - «Պայքարս հիմա Մակարյանն ա։ Որովհետև մեր էդ ցուցմունքները կա, որ մի տղա ասում ա՝ ես լսեմ եմ, որ ասեց ապրանքը տեղ հասավ... Այսինքն՝ մեր էրեխեքը ապրանք էին, տեղ հասավ, սպանին, շարինք գետինը, տեղ հասավ... Թո Մակարյանը մնա բան...»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ու երեք բարձրաստիճան սպաների քրգործն ուղարկվել է դատարանԴատախազությունից այսօր տեղեկացնում են, որ քրեական գործն ուղարկվել է Սյունիքի դատարան։ Մեղադրյալները չորսն են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանն ու երեք բարձրաստիճան սպաներ։ Ըստ նախաքննության, գեներալ Մակարյանը, որ Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետևանքով Աբգարյանի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք։
Կարինե Ներսիսյանն ասում է, թե պայմանագրայինները նույնիսկ զինված չեն եղել. - «Դուք չեք կրակելու, դիակները հավաքելու եք, դուրս գաք։ Բայց ինչ դիակ... առանց զենքի էրեխեքին տարել են, էրեխեքը ավտոբուսներից իջել են, ավտոբուսները ֆռռացել ա, տեսել են վերևը [թուրքեր]... Աբգարյանն ասել ա՝ մեր թիկունք պահողներն են։ Ու էդ ժամանակ արդեն կռիվը գնացել ա, տասնհինգ-քսան րոպե էլ չի տևել, էրեխեքին մաղել են, ով փախել ա, ով ընկել ա գերի։ Մակարյանն էլ ասում ա վրիպակ ա տեղի ունեցել»։
Մակարյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հարցազրույցից հրաժարվեց՝ ասելով, թե լրատվամիջոցների հետ ավելի ուշ կխոսեն։ Միայն վերահաստատեց այն, ինչ ավելի վաղ էր ասել ՝ մեղադրանքն անհեթեթ է. - «Մեղադրանքը պարոն Մակարյանը գնահատում է որպես բացարձակ անհեթեթ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող»։
Զինծառայողների այս խումբն ի սկզբանե հենց Մակարյանի հրամանով պետք է Կիրի հանք գնար, ըստ Կարինե Ներսիսյանի՝ Զանգելանից մոտ մեկ կիլոմետր հեռու։ Հանքն անցել են ու հասել դպրոցի մոտ, ըստ քննության՝ «հրամանատար Աբգարյանի անփութության պատճառով». - «Անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, հետամուտ չի եղել և ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը»։
Աբգարյանը նաև իր վերադաս բարձրաստիճան զինվորականի որդուն մարտական ծառայությունից հետ է կանչել զորամաս, ինչպես ձևակերպել են քննչական կոմիտեում՝ վերադասին հաճոյանալու նպատակով։ Այս ամենի մասին «Քիմիկների զորամասի» պայմանագրայինների ծնողները գիտեին ու բարձրաձայնում էին
«Իրա տղուն արանքից հանեց, դե սրանք էլ թո էթան մեռնեն։ Որովհետև էնի պապա ա, իրա բալեն պըտի ապրի... Իսկ մենք ով ենք, ով ենք մենք, որ մեր էրեխեքը ապրեն», - ասում է Կարինե Ներսիսյանը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Աբգարյանն էլ մեղադրանքը չի ընդունում։ Ինքն էլ, Մակարյանն էլ ցուցմունք են տվել, խափանման միջոցը չհեռանալու ստորագրությունն է։
12 սպանված ու 24 անհետ կորած... նրանց ծնողները պատերազմից անմիջապես հետո հենց այս զորամասի մոտ անդադար ցույցեր էին անում ՝ խնդրում, պահանջում, աղաչում, որևէ հստակ տեղեկություն։
Ծնողներից շատերը այժմ ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն, նույնականացվել է Կովսականից դուրս բերված մասունքների հետ, բայց չեն շտապում հավատալ դրանց։
Հովհաննես Ներսիյանի մորը ոտքի մի մասունք են տվել, չի վերցրել, չի հավատում, որ դա իր որդունն է։ Ասում է՝ կսպասեմ այնքան, մինչև բոլոր գերիները վերադառնան, հետո կհուղարկավորեմ այդ մասունքը՝ ումն ուզում է լինի։