Գլխավոր շտաբի պետի պաշտոնը երկրորդն օրն է, որ թափուր է։ Առայժմ հայտնի չէ, թե հաջորդն ով է ղեկավարելու Հայաստանի զինված ուժերը։ Նախագահականից «Ազատությանը» հայտնեցին, որ կառավարությունից նոր նշանակման առաջարկ դեռ չեն ստացել։ Գործադիրի որոշմամբ, Զինված ուժերի ղեկավարի բացակայության պայմաններում նրան փոխարինում է առաջին տեղակալը։ Հիմա այդ պաշտոնում գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցն է։
Պաշտպանության նախարարությունից այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչն էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ու մյուս բարձաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառը։
Երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին։ Իշխանական պատգամավորը մեկ օրում միանգամից 5 բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկությունը բանակում տեղի ունեցող բարեփոխումների հետ է կապում. - «Պետք է մենք ուրախանանք, որ փոփոխություններ լինեն բարձր մակարդակի, այսինքն՝ նշանակվող անձնակազմի հետ որևէ հետին քննարկումների առարկա չլինի»։
Քոչարյանը չի ընդունում, թե իշխանությունը ցանկանում է իրեն հավատարիմ սպաների նշանակել բարձր զինվորական պաշտոններում. - «Այդ զինվորականները, որոնք նշանակվում են, նրանք բանակի կառույցներում շատ ավելի վաղ ժամանակից են անցել ծառայության, և նրանց չի կարելի համարել իշխանությունների համար հավատարիմ։ Նրանց գուցե արժի համարել պետության համար հավատարիմ զինվորականներ»։
Հեղափոխությունից հետո Զինված ուժերի արդեն չորրորդ ղեկավարն է պաշտոնանկ արվում։ Իշխանափոխությունից մեկ տարի առաջ այդ պաշտոնում նշանակվել էր Մովսես Հակոբյանը։ Նրան փոխարինեց Արտակ Դավթյանը, որը պաշտոնավարեց մինչև 2020 թվականը։ Նրան հաջորդեց Օնիկ Գասպարյանը, որը շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան սպաների հետ պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Հետո հեռացվեց այդ պատոնից։
Վարչապետն այդ քայլը այն ժամանակ ռազմական հեղաշրջում էր որակել։ Արտակ Դավթյանը հենց այդ զարգացումներից հետո կրկին նույն պաշտոնում նշանակվեց։
51-այմա նախկին բարձրաստիճան զինվորականը Պաշտպանության նախկին նախարարի ու այլ զինվորականների հետ անցում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործով, նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։
44-օրյա պատերազմին առնչվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է երեկ պաշտոնից հեռացված Դավթյանի տեղակալներից Անդրանիկ Մակարյանը։
Պաշտոնակություններն արդյո՞ք կապված են քրեական գործերի հետ, թե՞ այլ պատճառ կա դրանց համար։ Կառավարությունը նման դեպքերում պետք է պարզաբանի, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը. - «Ոչ թե ցանկալի է, այլ դա պահանջում է հաշվետու և թափանցիկ կառավարումը, որ ամեն մի նշանակում և պաշտոնից ազատում կառավարությունը ներկայացնի հստակ հիմնավորումներ»։
Իրավապաշտպանը խնդրահարույց է համարում, որ չի ստուգվում զինվորականների բարեվարքությունը, ինչպես օրինակ դատավորների թեկնածուների դեպքում է. - ««Մենք շատ քիչ ինֆորմացիա ունենք, թե էդ մարդիկ որ նշանակվել են, ինչ փորձառություն ունեն, ինչ ներդրում ունեն, կամ ինչ կարողություն ունեն, ինչ բարեվարքություն ունեն»։
Անցած շաբաթավերջին պաշտոնից հեռացվել էին Գլխավոր շտաբի պետի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանն ու Զինված ուժերի թիկունքի պետ Ռոմիկ Մարգարյանը։ Այս պաշտոնանկությունները հաջորդեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բանակում զինվորականների կողմից լրտեսությամբ զբաղվելու վերաբերյալ ԱԱԾ-ի աղմկահարույց հայտարարությանը։