Ալիևը պնդում է՝ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երևանի այդ քայլը Ադրբեջանի առաջնորդն անպատասխանատու է որակել։
«Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն աշխատանքները», - այսօր Բաքվում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում պատմել է Իլհամ Ալիևը՝ շարունակելով․ - «Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկելուն։ Դա հայկական կողմի հետ համաձայնեցված էր։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն էր առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանների հարցով։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը»։
«Սա շատ հիասթափեցնող է: Է՛լ ավելի հիասթափեցնող է դարձյալ Հայաստանի կողմից մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելու նախնական առաջարկի մերժումը», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է սպասել Հայաստանից «աշխատանքի մեկնարկի որևէ նոր ժամկետ»։
«Նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Անցած ամիս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով։ Կողմերը հայտարարել էին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այս շաբաթ Մոսկվայում, այն, սակայն, տեղի չունեցավ։