Երևանը հրապարակել է խաղաղության բանակցություններ սկսելու համար ադրբեջանական հինգ առաջարկներին հայկական կողմի 6 կետանոց պատասխանը։ Ռուսալեզու փաստաթուղթը Հանրայինի եթերում երեկ ներկայացրեց հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը։
Վերջերս պաշտոնը ստանձնած Մարուքյանի խոսքով՝ դրա առաջին կետում գրված է, որ հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական կողմի նամակին, որը Երևանը ստացել է մարտի 11-ին։
Երկրորդ կետում, ըստ պաշտոնյայի, հայկական կողմը հաստատում է, որ երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Փաստաթղթի երրորդ կետում շեշտվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
«Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», - նշել է Էդոման Մարուքյանը։
Հայկական կողմը կարևորում է պատերազմից հետո ընդունված եռակողմ հայտարարությունների կատարումը, մասնավորապես գերիների վերադարձը, տարածաշրջանի ապաշրջափակումը։ Այս մասին 4-րդ կետում է ասվում։
Հաջորդ կետում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
«Այստեղ են ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր իրավունքներ և ազատություններ», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Փաստաթղթի վերջին՝ 6-րդ կետում էլ հայկական կողմը հայտնել է, որ բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
«Ազատությանն» ավելի վաղ ԵԱՀԿ-ից չեն հստակեցրել՝ ի՞նչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ էր Երևանը դիմել կառույցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանըՈր Երևանը նման կետեր է առաջ քաշել ի պատասխան Բաքվի 5 առաջարկների, անցած շաբաթ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտնել՝ առանց բացահայտելու դրանք։ Պաշտոնյան միայն պնդել էր, որ ըմբռնում կա՝ Բաքվի ու Երևանի փաթեթները պետք է միացվեն և սկսվեն բանակցություններ։ Այս հայտարարությունից շատ չանցած՝ պաշտոնական Բաքուն բացահայտեց, թե ինչ սկզբունքեր է առաջ քաշել հայկական կողմը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր դրանք ոչ թե նոր առաջարկներ են, այլ պարզապես արձագանք իրենց հինգ կետերին։
«Վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները», - նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրեր առաջ Նիդերլանդներում պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքվի այդ մոտեցումը չի համապատասխանում Բրյուսելում ձեռբերված պայմանավորվածություններին։
Ընդդիմությանը չի բավարարում ԼՂ կարգավիճակի մասին Երևանի հայտարարությունը
Ընդդիմությանը չի բավարարում Արցախի կարգավիճակի մասին պաշտոնական Երևանի հայտարարությունը։
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ իշխանությունները Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս ունի նույն համոզմունքը։
«Չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների անվտանգության պաշտպանության խնդիրը անհասկանալի է, թե ումից է ակնկալվում, ենթատեքստից պարզ է, որ դա Ադրբեջանն է: Եվ երրորդը, որ կարգավիճակի անվան տակ նրանք քողարկում են Արցախն Ադրբեջանի կազմում ինչ-որ մի ձևակերպմամբ՝ մշակութային ավտոնոմիա, եսիմ ինչ ինքնավարություն և այլն տանելու գործընթացը», - նշեց Աշոտյանը:
Մինչդեռ Հատուկ հանձնարարություններով դեսպան մեկնաբանելով փաստաթուղթը` Հանրայինի եթերով պնդում էր, թե դրանում ներառված է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Արդյոք իշխանությունը Արցախի վերջնական կարգավիճակ ասելով՝ այն պատկերացնում է Ադրբեջանի կազմում, և ի վերջո Ադրբեջանը համաձայնե՞լ է այդ կետերին, փորձեցինք այսօր ճշտել Մարուքյանից, սակայն նա պատասխանեց, որ հնչող քննադատություններին ավելի ուշ կարձագանքի։
Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ համաձայն է Բաքվի 5 առաջարկներին, սակայն դրանք չեն արտացոլում խնդրի ամբողջ էությունը, ուստի պետք է հայկական 6 առաջարկները ավելացնել դրանց։ Իսկ ադրբեջանական կողմն առաջարկել է, որ կողմերը հաստատեն՝ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ, պարտավորվեն միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից, սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել, վերջին կետով էլ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պարտավորությունն է շեշտվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կա փոխըմբռնում բանակցելու Բաքվի և Երևանի «5+6» կետերի շուրջ. Գրիգորյան