Այսօր վարչապետ Փաշինյանը որոշեց Հայաստանի երրորդ քաղաքի համայնքապետի պաշտոնակատար նշանակել Արկադի Փելեշյանին, որ կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարՎարչապետի միանձնյա որոշմամբ քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակված Փելեշյանը պաշտոնավարման 4 տարիներին երբևէ հարցազրույցներ չի տվել, ելույթներ չի ունեցել, փոխարենը հանրությանը հայտնի է Վանաձորի տարբեր հատվածներում ծավալած բիզնեսներով ու քրեական անցյալով։
«Ակա» մականունով Արկադի Փելեշյանը, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, դեռ 14 տարի առաջ դատապարտվել է խուլիգանության համար։ 2016-ին էլ հոգևորականի էր ծեծել՝ ընտրություններում իրեն չաջակցելու համար. այս գործը դատարան չհասավ՝ կողմերը հաշտվեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փելեշյանը զղջացել է և հայտնել տուժողի հետ հաշտվելու մասին»․ քրգործը կարճվել էԴեռ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից շատ կոշտ ձևակերպումներ էր արել, թե «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - հայտարարել էր պետության ղեկավարը:
Իշխող կուսակցությունից վստահեցնում էին, թե ի տարբերություն նախորդների՝ այսօրվա իշխանությունները քրեական հեղինակությունների հետ կապ չունեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոռու մարզպետը չի հերքում, որ վարչապետը պատրաստվում է Վանաձորի համայնքապետ նշանակել Արկադի ՓելեշյանինՄինչդեռ Լոռու մարզպետն այսօր խնդիր չի տեսնում, որ Վանաձորի ղեկավարի պաշտոնը վստահվել է խուլիգանության համար դատված, քրեական գործերով անցած Փելեշյանին։ Հոգևոր առաջնորդ է ծեծել, խանութը ջարդուփշուր է արել, «ստացվել է», ասում է. - «Ցանկացած տղամարդ կարող է ինչ-որ նման միջադեպի մեջ հայտնվել, որևիցե մեկը երաշխավորված չէ: Ցանկացած մարդ կարող է մեկ-երկու անգամ ընկնել ինչ-որ մի հատ տհաճ միջադեպի մեջ, ես էլ կարող եմ ընկնել, կամ ընկել եմ: Այդ մեկ-երկու դրվագով ասել, որ այդ մարդը քրեական հեղինակություն է, և այլն, և ա՞յլն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արամ Խաչատրյանը:
Ի վերջո, ո՞ր շնորհների համար նախկինում դատապարտված Փելեշյանն արժանացավ երկրի ղեկավարի վստահությանը։ Կառավարությունում կասկածներ չունեն, թե փոխքաղաքապետ եղած ժամանակ նա տեղյակ է եղել ենթադրյալ կոռուպցիոն գործարքներից, որոնց համար նրա վերադասը՝ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այժմ գտնվում է բանտում։ «Տեսականորեն ընդունենք, որ քաղաքապետը չարաշահումներ է արել, դա դեռ չի նշանակում, որ իր տեղակալը, կամ, չգիտեմ, մյուս տեղակալը, կամ խորհրդականը նույնպես չարաշահել են», - ասաց մարզպետը:
Վանաձորցիներին հուզող այս հարցեն ի պատասխան՝ Լոռու մարզպետ, իշխող կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը մեկ փաստ է բերում՝ 2012-ից ի վեր Արկադի Փելեշյանը երեք անգամ ավագանու անդամ է ընտրվել, անցած ընտրություններին էլ ձայների մոտ 15 տոկոսն ստացել. - «Առաջինը՝ իմ կողքի մարդիկ բոլորը դուխով մարդիկ են, իրանք ոչ մեկից չեն վախենում»:
Վարչապետը Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու լիազորություն էր ստացել անցած ամիս՝ օրենքի փոփոխությամբ, որն իշխանական խմբակցությունն էր նախաձեռնել։ Մինչ այս՝ մոտ կես տարի Վանաձորը ղեկավար չուներ։ Անցած դեկտեմբերի ընտրություններում հաղթել էր ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանը, քվեարկության արդյունքները հրապարակելուց մի քանի օր անց, սակայն, իրավապահները նրան կալանավորել էին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծիքի հոդվածներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեցԹե որքան կպաշտոնավարի Ասլանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանը, հստակ չէ։ Արդեն հայտնի է, որ այսօր աշխատանքային օրվա վերջում Լոռու մարզպետը նորանշանակ քաղաքապետին ներկայացրել է աշխատակազմին։ Նախկինում այս արարողությունները մշտապես հրապարակային էին անցնում։ Այսօր, սակայն, հանդիպումը եղել է փակ դռների հետևում։