Վանաձորում երեկվա ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն են հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ձայների մոտ 39 տոկոսով ավագանիում կունենա 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25 տոկոսով՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 14,5 տոկոսով` 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն անցողիկ 4 տոկոսից մի փոքր ավելի ձայն են ստացել և կստանան 2-ական մանդատ։
Սրանք նախնական արդյունքներն են, ըստ որոնց կուսակցություններից ոչ մեկի թեկնածուն, նաև առավելագույն ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը չի կարող առանց մյուս ուժերի ձայների ընտրվել համայնքապետ:
«Ես սա պարտություն չեմ համարում»
Այսօր քաղաքական ուժերը դեռ չեն բարձրաձայնում հնարավոր միավորումների մասին, քանի դեռ հայտնի չեն քվեարկության վերջնական արդյունքները։ Բայց հավանական է, որ Մամիկոն Ասլանյանն ավագանու բաց քվեարկության ժամանակ կընտրվի համայնքապետ, եթե անցողիկ շեմը հաղթահարած անգամ ամենաքիչ ձայներ ստացած կուսակցություններից որևէ մեկը միանա նրան։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ ընդունում են ընտրությունների արդյունքներն ու քիչ հավանական համարեց որևէ ուժի հետ համագործակցությունը։ Ինքը կհրաժարվի իր մանդատից ավագանիում, իսկ թե կշարունակի զբաղեցնել մարզպետի պաշտոնը, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Ընտրությունների արդյունքները չեն բողոքարկի։
«Մենք որևիցե բան այսօր չենք քննարկել, նույնիսկ մարդ չեմ էլ տեսել», - ասաց նա: Իսկ հարցին` այս պարտությունն իր համար սպասելի՞ էր, մարզպետն արձագանքեց. «Ես սա պարտություն չեմ համարում, հաղթանակ եմ համարում, որովհետև ժողովուրդն է որոշել այս համամասնությունը, որ այսօր ունենք, և դա ինձ համար հաղթանակ է: Հանուն քաղաքի բոլորի հետ էլ կհամագործակցենք, ընդդիմադիր կլինենք, կոալիցիոն կլինենք, թե ոնց, ամեն դեպքում մենք պետք է ի շահ այս քաղաքի աշխատենք»:
Նախընտրական շրջանում թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և թե՛ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել են, որ կոալիցիայի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ չունեն, բայց բացառել են իրար հետ միավորվելու տարբերակն ու քարոզարշավի ընթացքում անխնա քննադատել միմյանց։
Դեռ հայտնի չէ` Փելեշյանի կուսակցությունն ինչպես կվարվի
Քվեների թվով երրորդ քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը 2016 թվականի ընտրություններին Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուն էր։ Թեև այդ ժամանակ «Հայկական վերածնունդն» իրեն ընդդիմադիր էր հռչակել, բայց առավելագույն ձայներ ստացած Հանրապետական կուսակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, և Արկադի Փելեշյանը նշանակվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
Այս ընտրություններին արդեն Փելեշյանն ընտրապայքարի մեջ մտավ բոլորին անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության միջոցով։ Ընդ որում ընտրական ցուցակի երկրորդ համարը Մամիկոն Ասլանյանի մյուս տեղակալն էր՝ Արման Բերնեցյանը։ Այսօր Փելեշյանի կողմնակիցները դեռ չեն մեկնաբանում՝ կմիավորվե՞ն արդյոք որևէ քաղաքական ուժի հետ, թե՞ ավագանիում առանձին կգործեն։
Վանաձորում ընտրողների թիվը 92 հազար 200 էր։ Քվեարկությանը մասնակցել է նրանց 36 տոկոսը։