Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր չհերքեց «Ազատության» տեղեկությունները, թե վարչապետը պատրաստվում է Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակել Արկադի Փելեշյանին։ Ասաց՝ որոշումն այսօր կամ վաղը կկայացնի։
Փելեշյանը կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։
«Այսօր վերջնական կարող է ժամեր հետո պարզ լինի, կարող է վաղը առավոտյան պարզ լինի, այս պահին քննարկվում է և մեկ օրվա ընթացքում, կարծում եմ, կիմանանք», - նշեց Խաչատրյանը:
«Ազատության» հարցին՝ ինքը համաձայնե՞լ է, Լոռու մարզպետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արկադի Փելեշյանը արժանի թեկնածուներից մեկն է: Կուսակցությունը քննարկում է վարչության անդամների հետ միասին, այս պահին քննարկման փուլում ենք, կարող է մեկ ժամվա մեջ բան փոխվի, ես մի բան ասեմ, մի ժամ հետո այլ որոշում կայացվի»:
Փելեշյանը նախկինում անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակն էր գլխավորում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում և 5 մանդատ ստացավ ձևավորված ու դեռևս գործունեություն չծավալած ավագանիում։ Ավելի վաղ նա «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով էր ավագանու անդամ դարձել։
Փելեշյանը պաշտոնավարել է մինչև անցած տարեվերջ, երբ ընտրություններից անմիջապես հետո կոռուպցիոն չարաշահումների մեղադրանքով կալանավորվեց նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Ազատության» հարցին, թե արդյոք կարո՞ղ էր տեղյակ չլինել, հետևաբար նաև անմասն լինել իր անմիջական ղեկավարի՝ համայնքապետի չարաշահումներին, Լոռու մարզպետը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ, որ Արկադի Փելեշյանը ինչ-որ չարաշահումների մասնակից է եղել»:
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Լոռու մարզպետը հրաժարվեց իր մանդատից, Վանաձորում խոսակցություններ կային, որ իշխանական կուսակցությունը կարող է միավորվել Փելեշյանի գլխավորած խմբակցության հետ և հենց նրան էլ առաջադրել որպես համայնքապետի թեկնածու։ Չնայած պաշտոնական հայտարարություն չեղավ, բայց երկու խմբակցություններն անցած 4 ամիսներին միասնական են եղել բոլոր քաղաքական գործընթացներում։
42-ամյա Արկադի Փելեշյանը, որ ամենայն հավանականության Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար կնշանակվի, այսօր չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նա ավագանու ընտրությունների քարոզարշավին ու դրանից հետո էլ մշտապես հրաժարվել է հարցազրույցներից։ Իր պաշտոնավարման 4 տարիներին, երբ նաև ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամներից էր, երբևէ ելույթներ չի ունեցել, քննարկումներին իր տեսակետով չի կիսվել ու հարցազրույցներ չի տվել։ Փելեշյանը Վանաձորում հայտնի է քրեական անցյալով. մի դեպքում հարբած վիճակում խանութում էր խուլիգանություն արել, մյուս դեպքում հոգևորականի էր ծեծել իր օգտին չքվեարկելու համար։
Վարչապետին Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն խորհրդարանն էր տվել՝ ապրիլի սկզբին։ Իշխանական «Իմ քայլն» էր նախաձեռնել օրենքի փոփոխությունը՝ հայտարարելով, թե սրանով կհանգուցալուծվի արդեն չորս ամիս ղեկավար չունեցող Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակը։
Այստեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է շարունակում վիճարկել ամիսներ առաջ կայացած ընտրությունների արդյունքները։ Օրերս Վճռաբեկ վարչական դատարանն է վարույթ ընդունել կուսակցության բողոքը։ Դատական երկու ատյանները մերժել էին «Լուսավորի» հայցն ու անփոփոխ թողել ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքները, ըստ որի «Լուսավոր Հայաստանը» բավարար ձայներ չէր ստացել ավագանի անցնելու համար։
Ամենաշատ թվով՝ ձայների 39 տոկոսն ստացել էր նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը, ապա՝ 25 տոկոս՝ «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ հետո «Հասկը», «Հայրենիքն» ու «Ապրելու երկիրը»։
Մինչ դատարանները կքննեին «Լուսավորի» պահանջն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, իրավապահները կալանավորեցին նախկին համայնքապետին, իսկ վարչական դատարանը սահմանափակեց ավագանու գործունեությունն ու արգելեց համայնքի ղեկավար ընտրել։ Եվ քանի դեռ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացրել «Լուսավորի» բողոքի վերաբերյալ, ուժի մեջ կմնա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ անցկացնելու արգելքը։