Միացյալ Նահանգների պետքարտուղարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հայ - ադրբեջանական գործընթացում «վերջին դրական իմպուլսը» և այդ երկրում մնացող հայ գերիների ազատ արձակման հարցը:
«Այսօր զրուցեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում վերջին դրական իմպուլսին», - գրել է Էնթոնի Բլինքենը Թվիթերում:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը քննարկել են «վերջին դրական առաջընթացը և հետագա կոնկրետ քայլերը Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, այդ թվում՝ սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացումը և մնացյալ հայ պահվող անձանց ազատ արձակումը»:
Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստակամ է օգնելու՝ ներգրավվելով երկկողմանիորեն և համախոհ գործըկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր դերի միջոցով, օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»:
Պետքարտուղարը նաև կարևորել է «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի աճը» և «գնահատել է կարևոր դերը, որ Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Փաշինյանի` Բաքվի կողմից ստեղծվող տպավորությունը, թե սեղանին միայն իրենց առաջարկներն են լինելու, հակասում է պայմանավորվածությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը