Անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել, առաջարկում է Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
«Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Բերման ենթարկվածների մեջ մենք Հայաստանի քաղաքացուն ենք ուզում տեսնել, որը բանակի հարցում պետք է իր մասնակցությունը ունենա, եթե քաղաքական խնդիրը ձևակերպված է՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը», - ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանը ենթադրում է, որ նրանք եռամսյա հավաքներից և զինծառայությունից խուսափածներ են: Անդրանիկ Քոչարյանը երեկ այս մասին ֆեյսբուքյան գրառում էր արել՝ այսօր էլ նրա ղեկավարած հանձնաժողովն արդեն անցավ գործի. «Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 13-ի դրությամբ բերման է ենթարկվել 69 մարդՀանձնաժողովի քննարկմանը իշխանական պատգամավորներից բացի՝ հրավիրվել ու մասնակցում էին Ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետը, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը. բոլորը ողջունեցին Քոչարյանի առաջարկը: «Պատրաստ ենք անհրաժեշտ աշխատանքը կատարել», - ասաց ռազմական ոստիկանության պետը:
«Շատ լավ կլիներ, որպեսզի առավել պատրաստված երիտասարդներ, այդ թվում նաև մեծ հայրենասիրության գաղափարներով լցված, կարողանան իրենց մասնակցությունը բերել մեր սահմանների պաշտպանությանը և Արցախի Հանրապետության պաշտպանությանը», - նշեց Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց՝ բերման ենթարկված բոլոր անձանց տվյալները կան, կուղարկեն Պաշտպանության նախարարություն. «Մենք կփորձենք փոխանցել այդ ամբողջ տեղեկատվությունը Պաշտպանության նախարարության մեր գործընկերներին, որոնք կնույնականացնեն՝ անձինք հանդիսանում են զորահավաքային տարիքի և կփորձեն զորակոչել»:
Իշխանական պատգամավորներն էլ ասացին, որ սա պարզապես հանրային պահանջ է, իրենց բազմաթիվ քաղաքացիներ են գրում արդարության պահանջով՝ ինչո՞ւ են իրենց որդիները ծառայում, կամ զորահավաքում ներգրավվում, իսկ ցուցարարները՝ ոչ: Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգվածները ոչ թե Երևանի կենտրոնում, այլ սահմանին պիտի լինեն, կարծում են այս պատգամավորները:
«Եթե այդքան մտահոգ են, ես կարծում եմ, լավագույն հնարավորությունն է՝ հայրենիքի համար մտահոգվելու հայրենիքի սահմանին», - նշեց «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը:
Այս թեմայով քաղաքական շահարկումներն անընդունելի են համարում, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն, «թակեք բոլորիս դռները»:
Ըստ իրավապաշտպանի՝ Քոչարյանի հայտարարությունը քաղաքական հետապնդման գործողություն է
«Դրա համար կան հատուկ կառույցներ, եթե կան բանակից խուսափողներ, միտինգի վայրից չպիտի բռնեն տանեն, սա նորմալ չի, «վհուկների որսի» նմանվող ինչ-որ իրավիճակ է», - ընդգծեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանի տպավորությամբ՝ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը չի պատկերացնում թե ինչ է անում, Պաշտպանության նախարարությանը ներքաշում է քաղաքական խաղերի մեջ. «Էս ի՞նչ ցուցակների փոխանցումների են անցել, սա արդեն վերջնական ադեկվատությունից դուրս գալու պրոցեսն է»:
«Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների տվյալները ոստիկանությունն իրավունքի չունի ներկայացնելու կամ տրամադրելու որևէ այլ մարմնի», - նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Իսկ ցույցերին չմասնակցողներին զորավարժանքի չե՞ք տանելու», - հարցնում է Արթուր Սաքունցը: Նրա գնահատմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը քաղաքական հետապնդման գործողություն է, ճնշման միջոց, որը հեղինակազրկում է նաև Զինված ուժերը:
«Փաստորեն նման մտադրությամբ դու դիտարկում ես Զինված ուժերը որպես պատժիչ մարմին, ինչո՞ւ, որովհետև մարդկանց ասում ես՝ «քանի որ դուք մասնակցում եք ցույցերին և ոստիկանության կողմից բերման եք ենթարկվել, ապա կնայեք՝ դուք զորահավաքի ենթակա եք, թե ոչ», - ասաց իրավապաշտպանը:
Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն է արձագանքել խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնությանը. «Ո՞ւր էր Անդրանիկ Քոչարյանը, իր տղան, էդ մնացած բոլորն ո՞ւր էին: Այսինքն սրիկայությանը վերջապես չափ ու սահման կա՞, թե՝ չէ, երեկ այս բեմի վրա հաշմանդամ տղերք էին խոսում, ոտքերը կորցրած»:
Սաղաթելյանը շեշտել է ՝ միայն այսօր ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածներից առնվազն 40-ը պատերազմի մասնակից է։
Your browser doesn’t support HTML5