Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, սահմանային անվտանգություն, ժողովրդավարական բարեփոխումներ․ այս հարցերը տեղ են գտել Վաշինգտոն-Երևան ձևաչափով բարձր մակարդակի քննարկումներում։
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։
Քառօրյա աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Արարատ Միրզոյանի գլխավորությամբ նախօրեին երկու երկրները ռազմավարական երկխոսության նիստ են գումարել, որն ամփոփել են համատեղ հայտարարությամբ։ Դրանում նաև անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նշում են Վաշինգտոն դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով», - ասվում է երկու երկրների համատեղ հայտարարությունում։
Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Կողմերի համատեղ հայտարարությունում առավել ծավալուն անդրադարձը ժողովրդավարության ոլորտին է վերաբերում։ Վաշինգտոնը խոստանում է ամուր աջակցություն, համագործակցություն Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կապահովեն այդ թվում արդյունավետ կառավարում և բարեկեցություն։
Ամերիկյան կառավարությունը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել մի շարք ծրագրերի՝ մարդու իրավունքների ոլորտից մինչև մեդիագրագիտություն, ոստիկանական բարեփոխումներ։ Համատեղ հայտարարության համաձայն՝ հայ-ամերիկյան բարձր մակարդակով քննարկումների առանցքային թեմաներից էր տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ին մեկնարկած այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում արդեն մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ստորագրել մի շարք փաստաթղթեր՝ ներառյալ փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցինԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ և առաջարկել խորացնել, ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները։ Նախարար միրզոյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։
Հայաստանի արտգործնախարարը նաև պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ է հանդիպել, պաշտոնական աղբյուրների համաձայն դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, «ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՊատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Հայաստանի դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ է քննարկել:
«Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը», -ասվում է հանդիպման ավարտին տարածված հաղորդագրությունում։