Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է 


Արխիվ
Արխիվ

Հայաստանի արտգործնախարարը վերջին տարիների համար աննախադեպ երկարատև աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, ուր հանդիպումներ կունենա պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ելույթով հանդես կգա հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում։

Հայաստանի արտգործնախարարի խոսնակը հաղորդում է նաև, որ Արարատ Միրզոյանի հնգօրյա այցի նպատակներից է մասնակցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թեև Հայաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի դեմ առ դեմ նախորդ հանդիպումը ճի՛շտ կես տարի առաջ էր՝ դեկտեմբերի սկզբին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, սակայն նման բարձր մակարդակով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հաճախ չէ, որ ընդունում են Վաշինգտոնում։

2018թ. թավշյա հեղափոխությունից մոտ մեկ տարի անց՝ 2019թ. հունիսին, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին Վաինգտոնում ընդունեց պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը։ Հաջորդ անգամ Մնացականյանը Վաշինգտոնում էր 44-օրյա պատերազմի ժամանակ, 2020թ. հոկտեմբերին հանդիպեց պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Մինչ այդ Վաշինգտոնում պետքարտուղարը հյուրընկալել էր Հայաստանի արտգործնախարարին ավելի քան յոթ տարի առաջ՝ 2013թ. հունիսին, երբ Ջոն Քերին ընդունեց Էդվարդ Նալբանդյանին։

Ուկրաինական պատերազմի պատճառով Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին՝ հայաստանյան պաշտոնյաների այցերն արևմտյան երկրներ առավել հաճախակի են դարձել։ Արարատ Միրզոյանի այս այցից առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր նախորդ շաբաթներին մեկնել ՆԱՏՕ անդամ երկրներ՝ Գերմանիա, Լիտվա, Լեհաստան ու Մեծ Բրիտանիա, հանդիպել այդ երկրների անվտանգային ու արտաքին քաղաքական պատասխանատուների հետ։

Վերադառնալով 2019թ.-ից գործող և նախորդից ավելի ընդգրկուն օրակարգ ունեցող միջկառավարական՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը (USASD), ապա 2020թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը վարձել է ամերիկյան Alstօn & Bird լոբբիստական ընկերությանը՝ նշված ռազմավարական երկխոսության շրջանակում Վաշինգտոնի հետ հարաբերությունների օրակարգն առաջ մղելու համար։

Նույն այդ ժամանակ՝ Արտգործնախարարության ԱՄՆ և Կանադայի բաժնի պետ Արմելլա Շաքարյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ հայ-ամերիկյան օրակարգում են արդարադատությանը, տնտեսությանը, պաշտպանությանը և քաղաքականությանը վերաբերող հարցեր։

«Անցյալ տարի, երբ մեկնարկեց ռազմավարական երկխոսությունը, երկկողմ օրակարգը Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդլայնվեց. միջկառավարական խորհրդակցությունները համակարգում էր տնտեսական հանձնաժողովը, և քննարկվում էին տնտեսական և այլ բնույթի հարցեր, իսկ ռազմավարական երկխոսությունը մեկնարկելուց հետո օրակարգը ընդլայնվեց, ներկա օրակարգում քննարկվում են նաև տարածաշրջանային, գլոբալ, միջազգային հարցեր», - նշեց նա:

Հարցին` Հայաստանն ի՞նչ է ակնկալում այս բանակցություններից, Արմելլա Շաքարյանը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք երկկողմ օրակարգի ընդլայնում, ավելի գլոբալ ծրագրերի իրականացնում Միացյալ Նահանգների հետ և տնտեսական հարաբերությունների զարգացում»:

XS
SM
MD
LG