Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ


Միրզոյան-Նուլանդ հանդիպում Վաշինգտոնում, 24-ը սեպտեմբերի, 2021թ․
Միրզոյան-Նուլանդ հանդիպում Վաշինգտոնում, 24-ը սեպտեմբերի, 2021թ․

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա:

Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։

Քննարկվել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանում 38 հայ գերի կա, նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

Նշենք, որ Միրզոյանը Վաշնգտոնում հանդիպել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Սամանթա Փաուերի հետ հանդիպմանը ևս ընդգծվել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը։

Նախատեսված են նաև հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։

XS
SM
MD
LG