Մատչելիության հղումներ

Հայաստանը և ԱՄՆ-ը վերահաստատում են բոլոր ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ լրատվականի

Ռազմավարական երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այդ մասին ասված է ռազմավարական երկխոսության՝ մայիսի 2-3-ը Վաշինգտոնում կայացած ամփոփիչ նիստի կապակցությամբ կողմերի համատեղ հայտարարությունում։

Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Հայկական պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։ Ամերիկյան կողմից նիստին մասնակցում էին պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, Պետդեպարտամենտի ու Պաշտպանության գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա էին նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Համատեղ հայտարարության համաձայն՝ Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն:

«Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաև դատական իշխանության անաչառության և խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր», - ասված է հայտարարությունում։

Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:

«Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով», - նշված է փաստաթղթում, որ հրապարակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Միրզոյանը և հայկական պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլոց հետ։

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։

XS
SM
MD
LG