Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի այսօրվա անհնազանդության ակցիաներից հետո ընդդիմությունն այսօր հանրահավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ երեկվանից վրաններ են տեղադրել ու գիշերել իշխանափոխություն պահանջող քաղաքացիները:
Հանրահավաքի ընթացքում ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց սկսած շարժումն ավարտվելու է հաղթանակով:
Նրա խոսքով` ինչ ծրագիր իրենց առջև դրել են, այսօր իրականացել է: Սաղաթելյանը խոսեց նաև ոստիկանության այսօրվա գործողությունների մասին` միջազգային հանրության, իրավապաշտպանների ուշադրությունը հրավիրելով դրանց:
«Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան` դա ոստիկանությունն է: Այսօր ոստիկանությունն իր սահմանն անցել է, ոստիկանության որոշ ներկայացուցիչներ: Մեր պայքարն անկասելի է, այս շարժումն ավարտվելու է հաղթանակով: Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները, չնայած այս բոլոր ճնշումներին, չնայած եղանակային պայմաններին ու մի շարք դժվարություններին, պինդ են, ամուր են, կանգնած են, և ինչպես պայմանավորվել ենք, գնալու ենք մինչև վերջ», - հայատարարեց նա:
Այնուհետև մեկնարկեց քայլերթ Մաշտոցի պողոտայով:
Քայլերթի ավարտին ցուցարարները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ: