Կառավարությունը չի հստակեցնում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի սեփականատեր է դարձել նվիրատվությա՞ն, թե՞ ինչպես շաբաթներ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թալանածը վերադարձնելու արդյունքում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վճարվել 15 միլիարդ դրամ։ Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր է՝ ժողովուրդը, բոլորը։ Բա, էդ թալանածի վերադարձ չի՞։ Էդ էլ ա թալանածի վերադարձ», - ասել էր Փաշինյանը։
Այս հայտարարությունից առաջ՝ ամիսներ շարունակ, կառավարությունը այլ բացատրություն էր ներկայացնում։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ Հայաստանի հանքաարդյունաբերության ամենախոշոր ընկերությունը վաճառել է, նոր սեփականատերն էլ գործարքի հենց հաջորդ օրը որոշել է բաժնետոմսերի 15%-ը նվիրել Հայաստանի կառավարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուները մոտ 26 տոկոսով ավելի հարկ են վճարել 2021-ի նույն ամիսների համեմատ«Ազատության» հարցմանը` ի վերջո, կառավարությունը կոմբինատի 15% բաժնեմասի սեփականատեր է դարձել նվիրատվությա՞ն, թե՞ թալանը վերադարձնելու արդյունքում, և եթե եղել է թալան, ո՞վ է գողացել, ի՞նչ պատասխան է տվել դրա համար, վարչապետի աշխատակազմից ուղիղ պատասխան չեն տվել, միայն արձագանքելով, թե հարցն առնչվում է Պետեկամուտների կոմիտեում քննվող քրեական գործին, ու այդ շրջանակում կոմբինատին առնչվող տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, ուստի չեն կարող տրամադրվել։
«Ազատությունը» հարցում է ուղարկել նաև ՊԵԿ։ Դեռ չեն պատասխանել։
Կառավարությունը լուռ է՝ ինչո՞ւ ռուսաստանցի միլիարդատերը ԶՊՄԿ 15%-ը նվիրեց Հայաստանի կառավարությանը
Մինչ այդ՝ այս մարտին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում հայտարարեց, թե կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու գործով պետբյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15 միլիարդ դրամ: Բադասյանը, սակայն, ոչինչ չասաց բաժնետոմսերի վերադարձի մասին։
«Քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Կազմվել է ակտ, հիմնական ռոյալթիի և շահաթուհարկի դրվագներով, և ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն: Այս ստուգման ակտը կազմվել է 21 թվականի դեկտեմբերի վերջին, և վճարումը կատարվել է, կրկին ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը», - ասել էր ՊԵԿ նախագահը:
15 միլիարդը վճարել է կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, որից հետո արդեն երկու ամիս է՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարց է առաջանում՝ եթե հարկերի չվճարման մասով պատմությունը մարել է, ի՞նչի շուրջ է քրեական գործը, որը հիմք ընդունելով` վարչապետի աշխատակազմը հրաժարվում է տեղեկություն տալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին։
Անպատասխան է նաև գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ Արմենիան» որոշել շռայլ նվիրատվություն անել և բաժնեմասերի 15%-ը փոխանցել Հայաստանի կառավարությանը։
«Ազատությունը» հարցում է ուղարկել նաև «Գեոպրոմայնինգ Արմենիային»՝ արդյո՞ք ընկերությունը կառավարությունից ակնկալիքներ ունի այդ նվիրատվության դիմաց։ Ընկերությունից դեռ չեն արձագանքել։
Արդեն կես տարի է՝ այս հարցերի պատասխանները պետական կառույցներից չի կարողանում ստանալ նաև «Սիվիլնեթի» լրագրող Մկրտիչ Կարապետյանը, ով արդեն երեք հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը։ Գործադիրից մերժել են՝ պատճառաբանելով, թե այն առևտրային գաղտնիք է, որը սահմանված է նույն այդ պայմանագրում։ Գոըծը հասել է դատարան։
«Քանի որ ամեն ինչ փակ է, կառավարությունը համառորեն հրաժարվում է արդեն կես տարի շարունակ որևիցե տվյալ տրամադրել, արդեն կասկածի տեղիք պիտի տա: Հիմա շատ բաներ են խոսում, օրինակ` ես մի քանի տեղից` չհաստատված, լսել եմ, որ առհասարակ պետությունը միգուցե իր դիվիդենտներից հրաժարվի կոմբինատում կամ որպես փոխհատուցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրողը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» իր 15 տոկոսի կառավարումը հանձնեց ԱՆԻՖ-ինԹափանցիկ գործելու պարտավորությունը թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխավոր խոստումներից է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական վերջին ծրագրի գլխավոր դրույթներից էին նաև կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ դարձնելը, կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։