Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում կիրակի օրը ժամը 16-ի սահմաններում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։
Հրապարակում միացան քայլերթով չորս խորհրդանշական վայրերից Երևան ժամանած խմբերը։
Քայլերթին մասնակցում էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների հետ։
Հանրահավաքի բացման ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որին հաջորդեցին մայրաքաղաք հասած չորս խմբերի ղեկավարների ելույթները։
Ելույթներ ունեցան նաև Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակում նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Այնուհետև կրկին ելույթ ունեցավ Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ գիշերը մնում են Ֆրանսիայի հրապարակում, իսկ առավոտյան ժամը 8։30-ից սկսում են անհնազանդության ակցիաներ։
Ընդդիմադիրները վստահեցնում են, որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են իշխանությունների հրաժարականին, և մայիսի 1-ից իրենց պայքարի վճռական փուլն է մեկնարկելու:
Այս փողոցային պայքարը սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը մտադիր է հանձնել Արցախը Ադրբեջանին, իսկ դա հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։
Մանրամասները տե՛ս այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը վերստին հայտարարում է՝ հանրային մեծ ճնշմամբ կհասնեն իշխանափոխության ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեր խնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է. Իշխան Սաղաթելյան