Եվրոպական երկրների առաջնորդները շանտաժ են որակում Բուլղարիա և Լեհաստան ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու Մոսկվայի որոշումը՝ պնդելով, որ Կրեմլի այդ քայլերն Արևմուտքը պառակտելու անհաջող փորձ է։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Կիևին տրամադրվող արևմտյան ռազմական աջակցության ֆոնին նախօրեին Մոսկվան գործի դրեց իր թերևս ամենաազդեցիկ լծակներից մեկը՝ դադարեցրեց գազի մատակարարումները Եվրամիության անդամ երկու պետություններ՝ Լեհաստան և Բուլղարիա, որոնք հրաժարվել են հետևել Կրեմլի պահանջին և ռուսական կապույտ վառելիքի դիմաց վճարումներն իրականացնել ռուբլով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստան և ԲուլղարիաՄոսկվան սպառնում է փակել ծորակը նաև բոլոր այն երկրների համար, որոնք կհետևեն Լեհաստանի և Բուլղարիայի օրինակին։
Լեհաստանում, մինչդեռ, համոզված են՝ իրենց ռուսական գազից զրկելու իրական պատճառը Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունն է․ Վարշավան այս շաբաթ էլ պատրաստվում է տանկեր ուղարկել սահմանակից երկիր։
Ռուսական էներգետիկ հսկայի՝ «Գազպրոմ»-ի որոշումից բառացիորեն ժամեր առաջ Լեհաստանի կառավարությունը հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը մասնավորապես թիրախավորում է ռուսական բիզնեսները և օլիգարխներին:
Բուլղարիայի նորընտիր լիբերալ կառավարության քաղաքականությունը ևս ակնհայտորեն չի գոհացրել Ռուսաստանի իշխանություններին։ Պատերազմի մեկնարկից հետո պաշտոնական Սոֆիան խզել է իր վաղեմի կապերը Մոսկվայի հետ և աջակցություն հայտնել Կրեմլի դեմ պատժամիջոցներին, թույլատրելով նաև արևմտյան կործանիչների տեղակայումն իր երկրում՝ Սև ծովի ափին գտնվող ՆԱՏՕ-ի նոր հենակետում:
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է՝ գազի մատակարարումներից զրկելու ռուսական կողմի որոշումը «շանտաժ է», և Բուլղարիայում չեն պատրաստվում «տրվել այդ ռեկետին»։
Ռուսական գազի կրճատումների պատճառով այդ երկու երկրներն առայժմ սարսափելի խնդիրների չեն բախվի, հատկապես Լեհաստանը տարիներ ի վեր աշխատանքներ է տարել ռուսական վառելիքին այլընտրանք գտնելու հարցում և արդեն պատրաստ էր այս տարեվերջին ամբողջովին հրաժարվել ռուսական գազից։
Ռուսական կապույտ վառելիքի ծորակը փակելը, այդուհանդերձ, լուրջ մտահոգություն է առաջացրել եվրոպական դաշինքում։ Հատկապես Գերմանիան ռուսական էներգիայի խոշորագույն գնորդն է, Իտալիան ևս հիմնական սպառողներից է, և այս երկու երկրների քայլերը ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հարցում դեռևս շոշափելի արդյունք չեն բերել։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, վստահեցնում է՝ պատրաստ են ռուսական էնգակիրներից զրկվելու սցենարին և ունեն «հենց նման դեպքերի համար» ունեն մշակած պլան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովը դեռևս անցած տարի Ռուսաստանի հետ «գազային» կապերն աստիճանաբար խզելու պլան է պլան է մշակել՝ վերջնաժամկետ նշանակելով 2050 թվականը։ Ուկրաինայում պատերազմը ստիպել է խմբագրել այդ փաստաթուղթը։ Նոր պլանի համաձայն՝ Եվրամիությունը պետք է հրաժարվի ռուսական էներգակիրներից մինչև 2030 թվականը՝ 90 տոկոսով լցնելով գազի պահեստները և մեծացնելով այլ երկներից՝ այդ թվում Ադրբեջանից, Նորվեգիայից, Ալժիրից, Կատարից կապույտ վառելիքի մատակարարումները:
Մինչ այդ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է ԵՄ երկրներին մատակարարվող վառելիքից իր եկամուտները: Նույնիսկ վաճառքի ծավալների նվազման պայմաններում էներգակիրների գների աճը, ըստ Ֆիննական էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների CREA կենտրոնի, Մոսկվային մոտ 62 միլիարդ եվրոյի եկամուտ է ապահվել։ Ռուսական նավթի, ածխի և գազի ներմուծումը Եվրամիություն պատերազմի երկու ամիսների ընթացքում կազմել է մոտ 44 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ գումարը կազմել է 140 միլիարդ եվրո կամ ամսական մոտ 12 միլիարդ։
Հիմնական գնորդը Գերմանիան է։ Չնայած Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին այդ երկրի իշխանությունների հավաստիացումներին՝ պատերազմի երկու ամիսներին Բեռլինը ներկրել է 9 միլիարդ եվրոյի էներգետիկ պաշարներ։