44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին չի բավարարել որոշումը, որով դատախազությունը ցուցում է տվել Հակակոռուպցիոն կոմիտեին զոհված զինվորներին տուժող ճանաչել, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ։
Մի խումբ ծնողներ նախ և առաջ պահանջում են մեղադրյալ ներգրավել վարչապետին, դատախազի ցուցումով այս հարցը պետք է որոշի պատերազմին առնչվող մի շարք գործեր քննող Հակակառուպցիոն կոմիտեն։
Ծնողներն այսօր կրկին դատախազության շենքի առջև էին հավաքվել։
«Անմիջապես վարչապետին ձերբակալել ա պետք։ Կամ ճանապարհները փակել, խափանման միջոցը ստորագրություն երկրից չհեռանալու, որպեսզի չփախնի», - ասում է ծնողներից մեկը։
Ծնողների պահանջի հիմքում վարչապետի հայտարարությունն է. Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ Ազգային ժողովում ասել էր, որ այո, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, բայց՝ առանց զոհերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 13-ին վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին ինքնախոստովական ցուցմունք է տվել. զոհված զինծառայողի մայր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմին առնչվող քրգործով վարչապետը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, Գլխավոր դատախազը հրաժարվում է պատասխանելԱյս հայտարարությունից հետո ծնողները վարչապետի դեմ հանցագործության հաղորդում էին ներկայացրել։ Երեկ նրանք կրկին դատախազության առջև էին, դրսում նրանց հետ զրուցեց Գլխավոր դատախազը։ Եվ ահա այս հանդիպմանը հետևեց դատախազության ցուցումը Հակակոռուպցիոն կոմիտեին։ Քննիչը հինգ օր ժամանակ ունի որոշելու՝ արդյո՞ք տուժող է ճանաչում զոհված զինվորներին և արդյո՞ք վարչապետին մեղադրյալ է ներգրավում։
«Որոշում ընդունողը դատախազն ա։ Հաշվի առնելով ինչ պաշտոնում ա, ինչի մասին ա խոսքը, կարելի ա ասել, որ սա քաղաքական որոշում ա, կախված ա հենց անձամբ դատախազից»։
Դատախազության առջև էր նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում։
Նա ասաց, որ եկել են դատախազի որոշման հետևից, որից, թեև գոհ չեն, բայց այն աննախադեպ է իր բնույթով. - «Իհարկե մենք միամիտ չենք, մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք էն ահռելի ճնշումը, որ կառավարության շենքից գործադրվում է նաև Գլխավոր դատախազության վրա, բայց ուզում եմ շեշտել, որ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ էս ամիսների ընթացքում առաջին անգամ ընթացք տրվեց այդպիսի դիմումի, և այսօր քննչական ծառայությունը պարտավոր է որոշում կայացնել»։
Որդեկորույս ծնողների հետ այսօր հանդիպեցին Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու դատախազ Արմեն Մուրադյանը։ Վերջինս հսկում է Հակակոռուպցիոն կոմիտեում պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններն ուսումնասիրող գործը։ Հենց այս գործի շրջանակում էլ կուսումնասիրվեն ծնողների պահանջները։
Պաշտոնյաների բացատրությունը, որ քննիչը հնգօրյա ժամկետում պետք է որոշում կկայացնի, զայրացրեց ծնողներին։
Դեռ 2020 թվականից քննվող քրեական գործը հարուցվել էր այն ժամանակ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսից հետո։ Նա պատերազմի ժամանակ ծագած խնդիրները կապել էր հենց ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի վատ աշխատանքի հետ։
Վարչապետն այս գործով կարգավիճակ չունի։ Գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանը չցանկացավ մանրամասնել, թե արդյոք Փաշինյանը հարցաքննվել է։ Ասաց՝ նախաքննական գաղտնիք է։
Միևնույն ժամանակ, դատախազը վստահեցրեց, որ կաշկանդված չեն. - «Որևէ կաշկանդվածություն չկա, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքննություն, և բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»։
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը պնդում է, որ դատախազն ինքը կարող էր վարչապետին մեղադրյալ ներգրավել, բայց այս պահին այդ հարցը չեն քննարկում՝ կսպասեն քննիչի որոշմանը, ինչից հետո էլ կորոշեն իրենց անելիքը։
Your browser doesn’t support HTML5