Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկման քայլերթը:
Այս քայլերթերն անցկացվելու են մինչև մայիսի 1-ը:
Նախքան երթի մեկնարկը ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ համախմբման կոչ արեց:
Ընդդիմադիրները երկուշաբթի օրվանից «Զարթնիր Լաո» կարգախոսով տարաբնույթ ակցիաներ են կազմակերպում, ցույցեր Երևանում, անհնազանդության ակցիաներ իրականացնում, մարզերում էլ քայլերթեր են:
Այս ցույցերին զուգահեռ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց աջակիցների հետ քայլերթեր են սկսել Տավուշի և Արարատի մարզերից: Նրանք բոլորը շարժվում են դեպի Երևան` նշելով, որ այստեղ կլինեն մայիսի 1-ին:
Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով է փողոց դուրս եկել։ Պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։