«Այստեղ կա մեկ կարմիր գիծ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«20 թվականի պատերազմից հետո այսպիսի կորուստ մենք երբեք չենք ունեցել, Արցախն իր 10 հազար պատմության մեջ այսքան փոքր, ծանր վիրավոր չի եղել, այստեղ կա մեկ կարմիր գիծ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - ընդգծեց նա
Անդրադառնալով հարցին, թե այսօր կառավարության նիստից հետո Արցախի նախագահն ի՞նչ հանձնարարականներ է տվել, Բաբայանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ քննարկվել է արտաքին քաղաքականության էֆեկտիվություն ապահովելու տարբեր հարցեր և այս համատեքստում ստացվել են համապատասխան հանձնարարականներ, էդքանը կարող եմ ասել»:
Օգտատերերից մեկի հարցին, թե Արցախի ղեկավարության համար ո՞ր կողմնորոշումն է իրատեսական՝ ռուսամետությունը, թե՞ Արևմուտքի այսօրվա հակառուսական քաղաքականությունից ինչ-որ կերպ օգտվելը, Բաբայանը պատասխանեց. «Արտաքին քաղաքականությունը չափազանց կարևոր ոլորտ է և հատկապես մեր իրավիճակը թույլ չի տալիս մեզ շահարկումների գիրկն ընկնել, ինչ-ինչ ուժերի շահերը սպասարկել, բացառապես պետք է հանդես գանք մեր ազգային շահերից: Երբեմն զարմանում ես, ոնց կարող է հայ մարդը լինել հակա ինչ-որ մի երկրի նկատմամբ, հատկապես Ռուսաստանի»:
Արցախի արտգործնախարարն ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնությունը և ռուս ժողովուրդը «մեզ համար եղբայրական հասկացություններ են»:
«Աշխարհում երկու ժողովուրդ կա, որ կարող են և այդ հնարավորությունը ունեն գրեթե բոլորի հետ նորմալ հարաբերություններ պահպանել՝ հայ ժողովուրդը և հրեա ժողովուրդը, որովհետև մենք ունենք սփյուռք: Այդ հարստությունը չօգտագործելը ես պարզապես կամ ապուշություն եմ համարում, կամ էլ պարզապես թշնամություն սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե մենք Ռուսաստանին եղբայրական ենք համարում, մենք պետք է թշնամական լինենք Ամերիկային: Եթե ունենք այդ հնարավորությունը և չենք օգտվում, ունենալով սփյուռք, լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, ես սա համարում եմ կա՛մ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, կա՛մ ուղղակի միտումնավոր մեր պետական շահեին և մեր ապագային ուղղված դիվերսիոն քաղաքականություն», - հայտարարեց նա:
Իսկ թե իր կարծիքով ինչպիսի՞ն է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը Արցախի հարցում, կարողանում է է և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից օգտվել, Բաբայանն ասաց, որ չի ցանկանում գնահատականներ տալ:
«Այդ հարցը ինձ չպետք է տաք: Ես կարծում եմ և համոզված եմ, որ գերնպատակներից մեկն այն է, որ Արցախը մենք որպես արժեք պահպանենք այդ կարգավիճակը, որ ունի համայն հայության համար՝ սրբություն, որովհետև չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանը: Ես չեմ ուզում, որ մենք դրա մեջ համոզվենք, երբ որ արդեն կանգնենք այդ մահացու վտանգների առջև, չենք կարողանալու դիմակայել, եթե չլինի Արցախը: Ես ինքս և ինչքան կարող եմ նաև ուրիշներին թույլ չեմ տալու, որպեսզի Արցախը որևէ մեկը շահարկի ներհայկական քաղաքական դաշտում, հետևաբար չեմ ուզում գնահատական տալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը», - նշեց նա:
Օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ է մտածում Հայաստանում ընդդիմության քարոզչական թեզերի մասին, Արցախի արտգործնախարարն ասաց, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է Արցախի վերաբերյալ ընդհանուր մոտեցում ունենան ու փորձեն այնպես անել, որ Արցախը համայն հայության համար բացարձակ արժեք մնա: