Ապրիլի 24-ի ուղերձում ԱՄՆ նախագահը կրկին օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ապրիլ, 2022թ․

Միացյալ Նահանգների նախագահը հրապարակեց իր ապրիլքսանչորսյան ուղերձը, որում, ինչպես և նախորդ տարի, Ջո Բայդենն օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը` մի քանի անգամ։

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկևկես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի կորուստը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։

«Խորհելով Հայոց ցեղասպանության մասին, մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերում։ Մենք հանձնառու ենք մնում աշխարհի վրա տևական սպիներ թողնող վայրագությունները բարձրաձայնելուն և կանգնեցնելուն։ Եվ, սգալով կորուստները Մեծ Եղեռնի ընթացքում, կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհը, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար», - հայտարարում է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով․ - «Աշխարհը, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքները չեն անդրադառնում մեր ամենօրյա կյանքի վրա, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են՝ ապրելու իրենց կյանքը արժանապատվորեն և ապահով»։

Սա նաև հայ ժողովրդի ուժի և դիմացկունակության մասին խորհելու պահն է, շեշտում է Բայդենը՝ մանրամասնելով․ - «Ցեղասպանության ենթարկվելուց հետո հայ ժողովուրդը վճռական էր՝ վերակառուցելու իր համայնքը և իր մշակույթը, այնքան հաճախ՝ նոր տներում և նոր հողերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կենսական մաս են կազմում։ Նրանք մեր պետությունն ավելի ուժեղ և ավելի դինամիկ են դարձնում՝ նույնիսկ կրելով ողբերգական գիտելիքը իրենց նախնիների հետ կատարվածի մասին։ Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը»։

«Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել ցեղասպանությունում զոհված բոլոր հայերին», - ամփոփում է իր ուղերձը Միացյալ Նահանգների նախագահը։

Ջո Բայդենը Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործել է նաև 2021 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձում, իսկ մինչ այդ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևեր էին ընդունել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը։