Մատչելիության հղումներ

Բայդենի քայլը մեծ դռներ է բացում, պետք է կենտրոնանալ նոր արտաքին քաղաքականության վրա. կարծիքներ


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը և դրանով Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի առջև արտաքին քաղաքական առումով մեծ հնարավորություններ է բացում, կարծիք է հայտնում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ սա ճնշում է Թուրքիայի վրա, ակնհայտ է, որ սա ճնշման մեխանիզմ է Թուրքիայի վրա չէ՞ և ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլև մեզ համար, որովհետև մենք ենք տուժող, այսպես ասած, կողմը: Սրա կապիտալիզացիան անհավանական մեծ դռներ է մեզ համար բացում միջազգային հարաբերություններում», - ասում է նա:

Սարգսյանի խոսքով` ԱՄՆ-ի ճանաչումը ոչ միայն նոր ազդակ կդառնա միջազգային ճանաչման գործընթացում, այլև գործիք է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում. «Նաև հայ-թուրքական բանակցություններում մենք սա կարող ենք կապիտալիզացնել, կարող ենք կիրառել նաև դիվանագիտության մեջ, և որ ամենակարևորն է` սա նախադեպ է նաև միջազգային խաղացողների համար, որպեսզի մենք ակտիվ աշխատենք նաև այլ պետությունների հետ, այն պետությունների, որոնք դեռևս ցեղասպանությունը չեն ճանաչել»:

Ներքաղաքական լարված զարգացումներով ընտրությունների գնացող Հայաստանում արդյոք պատրա՞ստ են առավելագույնը քաղելու ստեղծված իրավիճակից. Սուրեն Սարգսյանը լավատես չէ. «Ես չեմ տեսնում որևէ նախապատրաստական աշխատանքներ այս ուղղությամբ, այս հարցը ներառելու մեր արտաքին քաղաքականության օրակարգում և այլն: Ես ընդհանրապես չգիտեմ` Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կա, թե չկա, համենայն դեպս այս պահի դրությամբ դեռևս որևէ առաջընթաց և որևէ շարժ չեմ տեսնում»:

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած ու ջանքեր գործադրած Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր հերթին չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն ասում է՝ անելիքներ շատ կան, անգամ այն բանից հետո, որ նախ 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի սենատը, ապա հիմա էլ Սպիտակ տունը ճանաչեց հայերի ցեղասպանությունը. «Հսկայական աշխատանք պիտի շարունակվի, տեսանք, որ վերջին ամիսներին, 44-օրյա պատերազմի ընթացքում տեսանք, որ ամերիկյան կառավարությունը բացակա էր իր ներդրումը դնելու այդ ժամանակին, բացակա էր կանխելու այն հարձակումները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հայ դատի հանձնախումբը պիտի շարունակի կենտրոնանալ դարձնել այդ նոր քաղաքականությունն ընդհանրապես վերակազմված նոր քաղաքականության դեպի Հայաստան և դեպի Արցախ, քաղաքականություն, որը պիտի վստահեցնի Հայաստանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը»:

Չուլջյանի խոսքով՝ Հայ դատի հանձնախումբը փորձելու է Միացյալ Նահանգների ուշադրությունը հրավիրել Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հարցերին: Արյդոք սա կարող է նշանակել նաև ռազմական օգնություն Հայաստանին: Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում հարց հնչեց Չուլջյանին։

«Նախ և առաջ աշխատանք պիտի տարվի, որ դադարեցնենք այդ ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան, բայց նույնպես պետք է կարողանանք սատարել և հզորացնել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերը, և դրա մեջ կարող է լինել ռազմական օժանդակություն, բայց ընդհանրապես պետք է լինի նոր քաղաքականություն, որը միջոցով կարող ենք Հայաստանի անվտանգությունն առաջ բերել` դա լինի տնտեսական օժանդակությամբ, լինի առևտրի հզորացմամբ, լինի ռազմական օժանդակության միջոցով ևս»:

Սպիտակ տան կողմից ցեղասպանության ճանաչումը Հայաստանից բացի, լայն արձագանքի է արժանացել նաև Թուրքիայում, սակայն Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը չի կարծում, թե առաջիկայում թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում. «Այլ երկրների օրինակով ավելի բուռն հակազդեցությունների ենք հանդիպում, օրինակ` այս երկրի դեսպանին հետ կանչեն և այլն: Այս անգամ այդպես բան չի պատահել, հնարավորինս չափ մեղմ անցնելու ստիպված է Թուրքիան այս զարգացումը, քանի որ արդեն լուրջ խոչընդոտներ, խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, որոնց լուծումը կփնտրեր: Բայդենի ընտրությունից այսօր կապ չէր հաստատվել նախագահ Էրդողանի հետ, այդ կապն առաջին անգամ հաստատվեց ապրիլի 23-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG