Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, թե Վլադիմիր Պուտինը, հավանաբար, չի ենթադրել, որ ՆԱՏՕ-ն այսչափ միասնական կլինի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դատապարտելու և դրան դիմակայելու հարցում:
«Չեմ կարծում, որ նա մտածում էր, թե մենք միասնական ենք», - ասել է Բայդենը Սպիտակ տանը բարձրաստիճան ամերիկացի զինվորականների հետ հանդիպման ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Պատերազմի առաջին օրվանից սկսած Արևմուտքը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քաղաքական, ֆինանսական և ռազմական հսկայածավալ օգնություն են տրամադրել Ուկրաինային և Ռուսաստանի նկատմամբ ծանրագույն պատժամիջոցներ են սահմանել:
Պատերազմի ընթացքում Ուկրաինայից փախուստի է դիմել ավելի քան 5 միլիոն բնակիչ, դա Եվրոպայում միգրացիոն ամենամեծ ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից հետո:
Նախագահ Ջո Բայդենը գովեստով է խոսել ռուսների ագրեսիային դիմադրող ուկրաինացիների խիզախության մասին:
«Ես գիտեի, որ նրանք [ուկրաինացիները] պինդ են ու հպարտ, բայց որ այդչափ պինդ ու հպարտ են՝ չէի պատկերացնում»,- ասել է Բայդենը:
Նա նշել է, որ ուկրաինացի զինծառայողները շատ լավ տիրապետում դրսից ստացված զենքին:
Բայդենի խոսքով՝ Միացյալ Նահանգները և դաշնակիցներն ամեն օր են զենք ուղարկում Ուկրաինա:
«ՆԱՏՕ-ն միասնական է, կենտրոնացած և եռանդուն, այդպես միշտ է եղել»,- ասել է Ջո Բայդենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան հաուբիցներին տիրապետելու նպատակով ուկրաինացի զինվորականների վարժանքներ կանցկացվեն