Մատչելիության հղումներ

Բայդենը և դաշնակիցները մեկուկես ժամ Ուկրաինայի հարցն են քննարկել


Ուկրաինացի զինծառայողները սովորում են կրակել FGM-148 Javelin տեսակի հակատանկային հրթիռանետից, Դոնեցկի շրջան, արխիվ
Ուկրաինացի զինծառայողները սովորում են կրակել FGM-148 Javelin տեսակի հակատանկային հրթիռանետից, Դոնեցկի շրջան, արխիվ

Նախօրեին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Ռունինիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեսակապով քննարկել են Ուկրաինայի պատերազմի թեման:

Լիդերներն անդրադարձել են Ուկրաինային օգնելու և ագրեսիա նախաձեռնած Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցերին: Սպիտակ տան փոխանցմամբ՝ քննարկումը մեկևկես ժամ է տևել:

«Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն միանշանակ համոզված են, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ բոլոր դեպքերում Արևմուտքը պետք է խուսափի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից:

Շոլցը խստորեն դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել է նրանից անհապաղ դադարեցնել գրոհն ու հետ քաշել բանակը:

Խոսելով Գերմանիայի օգնության մասին՝ նա ասել է, որ պետք է ուկրաինացիներին տրամադրել արագ տեղակայվելիք և գործադրվելիք զինատեսակներ:

«Մեր նպատակը, մեր տասնյակ դաշնակիցների նպատակը մեկն է՝ Ուկրաինային տրամադրել ֆինանսական և ռազմական այնպիսի օգնություն, որը թույլ կտա դիմակայել ռուսների գրոհին», - ասել է Շոլցը:

Վաշինգտոնը երեկ հայտնել է, որ առաջիկա 24 ժամում ռազմական տեխնիկայով ու զինամթերքով բեռնված 7 ինքնաթիռներ Միացյալ Նահանգներից կուղևորվեն Ուկրաինա: Այդպիսով, ամերիկացիները կտրամադրեն ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այդ մասին Reuters լրատվական գործակալությանն ասել է Պենտագոնի մի բարձրաստիճան պաշտոնյա:

Միացյալ Նահանգները Կիևին կփոխանցի Մի-17 տեսակի 11 ուղղաթիռ, 155 միլիմետր տրամաչափի 18 հաուբից, 40 հազար հրետանային արկ, Switchblade տեսակի 300 «թափառող» արկ, 500 հրթիռ Javelin տեսակի հակատանկային հրթիռանետերի համար և հակատանկային հազարավոր այլ համակարգեր:

Ըստ Վաշինգտոնի, ամերիկացիներն ուկրաինացիներին տեղում կսովորեցնեն աշխատել որոշ համակարգերի հետ, որոնք այսօրվա դրությամբ չկան Ուկրաինայի զինված ուժերում:

XS
SM
MD
LG