Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգված են՝ վարչապետի ելույթից ակնհայտ է դառնում, որ նախապատրաստվում է գործընթաց, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության համար, ի վերջո, վտանգելով խաղաղությունը։
Այսօր տարածված հայտարարությունով՝ քաղհասարակության ներկայացուցիչները հիշեցնում են՝ 2020-ի նոյեմբերի եռակողմ զինադադարից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է պայմանավորվածությունները՝ սպանելով նաև քաղաքացիական անձանց, չի վերադարձրել բոլոր գերիներին, բռնազավթել է Հայաստանի ու Արցախի տարածքի կտորներ, ստեղծել է հումանիտար աղետ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի չէ լիարժեքորեն երաշխավորել Արցախի բնակիչների անվտանգությունը:
Հայտարարությունը ստորագրել է նաև «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք. Փաշինյան«Այդպես մտածելու համար բավական շատ են հիմքերը՝ վերջին 30 կամ 100-ամյակի փաստերը և վերջին, կարելի է ասել, ուղղակի նաև երկու տարին, այսինքն՝ 44-օրյա պատերազմը որևէ կերպ այլևս կասկածի տեղիք չի թողնում, թե ինչպիսին է ընդհանրապես Ադրբեջանի էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականությունը», - ասաց Աբրահամյանը։
Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Հայաստանում, Արցախում քաղաքական քննարկումները սրվեցին, երբ նախորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց ղարաբաղյան կարգավորման հարցում նշաձողն իջեցնելու մասին։
«Այո՛, խաղաղությունը չունի այլընտրանք, սակայն չի կարող լինել իրական, արժանապատիվ և կայուն խաղաղություն մի պետության հետ, որը հանդես է գալիս էթնիկ հայերի նկատմամբ ատելության քաղաքականությամբ»,- կարդում ենք քաղհասարակության այսօրվա հայտարարությունում:
Հայաստանի կառավարությանը չի ձեռնարկել բավարար գործողություններ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ
Քաղհասարակությունը քննադատում է Հայաստանի կառավարությանը, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ չի ձեռնարկել բավարար գործողություններ՝ միջազգային իրավունքի և գործիքակազմի լիարժեք կիրառմամբ։
Գայանե Աբրահամյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը կարող էր առնվազն մի քանի հայց ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ մեկի փոխարեն, հիմնավորելու, թե Արցախի հայությունը՝ էթնիկ զտման սպառնալիքի պատճառով ինչու չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«The Responsibility to Protect, դա ՄԱԿ-ի ամենակարևոր մեխանիզմներից մեկն է, հատկապես նման հակամարտությունների իրավիճակում։ Այդ մեխանիզմը ենթադրում է գործընթաց․ ՄԱԿ-ը հստակ փորձում է գնահատել՝ արդյոք էթնիկ զտման վտանգն առկա է։ Գնահատման հստակ չափորոշիչներ կան։ Հստակ է, որ արձանագրվելու է, որ՝ այո՛, այս ռեգիոնում՝ Արցախում, առկա է էթնիկ զտման վտանգ։ Դա նշանակում է, որ ՄԱԿ-ը պարտավորություն է ստանձնելու խաղաղապահ որոշակի կոնտինգենտ այնտեղ տեղակայելու», - ասաց Աբրահամյանը։
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական անդամ Սարգիս Խանդանյանը հակադարձեց՝ Արդարադատության միջազգային դատարան դիմելը վկայում է, որ իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում միջազգային-իրավական գործիքակազմը։
«Հայաստանի վարչապետի վերջին ելույթը հենց դրա մասին էր, որ մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության մասին, Արցախում բնակվող հայության իրավունքների պաշտպանության մասին և անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելը հենց դրա մասին է, որ մարդիկ ապրեն այնտեղ և իրենց իրավունքները պաշտպանված լինեն», - նշեց Խանդանյանը:
Արտգործնախարարի խոսնակ Վահան Հունանյանն օրվա ընթացքում չպատասխանեց «Ազատության» հեռախոսազանգերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»