«Հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է այսպիսի հայտարարություն արել երեկ՝ հավելելով, որ զոհեր, վիրավորներ չկան։ Ի՞նչ միջադեպ է եղել Արցախում, սահմանի ո՞ր հատվածում։ Արցախի տեղեկատվական շտաբը, պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն տարածել։
«Հայտարարությունն ինձ էլ զարմացրեց», - ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր, պաշտպանության անվտանգության հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանը. - «Օրվա ընթացքում առիթ եմ ունեցել մի քանի պետական պաշտոնյաների, գործադիրի անդամների հետ հանդիպել, հասկանալ որևէ տեղեկատվության կա թե չի։ Տեղեկատվություն չունեն»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանն այսպիսով հավասարակշելու փորձ է անում. - «Ենթադրում եմ, որ պարզապես հերթական ինչ-որ փոխհրաձգություն է տեղի ունեցել շփման գծի տարբեր հատվածներում, և ռուսական կողմը իր նախորդ հայտարարությունները բալանսավորելու համար... հիշեցնեմ, որ օրեր առաջ նրանք հերթական անգամ մեղադրել էին Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հիշում ենք, որ Փառուխի դեպքերից հետո էլ էին մեղադրել։ Կարծում եմ, այդ հայտարարությունը տարածվել է հենց նախկին հայտարարությունները բալանսավորելու համար և ինչ-որ չեզոք կողմի այդ իմիջը պահպանելու համար»։
Ուրբաթ օրը ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում միջդիրքային չեզոք գոտու հատվածում փորձել էր բարելավել դիրքերը։
Նույն օրը երեկոյան ադրբեջանական զորքրերը ռուս խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում վերադարձել էին այնտեղ, որտեղից եկել էին։
Քաղաքագետի տպավորությամբ, Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններին միշտ հետևում է նման մի բան՝ ուղղված հայկական կողմին. - «Նմանատիպ հայտարարություն եղել է նաև անցած տարվա, եթե չեմ սխալվում, սեպտեմբերին, երբ ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհվել էր հայ գյուղացի, և դրանից հետո ադրբեջանցիներին ուղղված հասցեական հայտարարություն տարածելուց հետո, մեկ հայտարարություն էլ արդեն հայկական կողմին ուղղված էին տարածել։ Այսինքն՝ դա, կարծում եմ, ընդունված պրակտիկա է իրենց մոտ»։
Մարտակերտի Սեյսուլանից էլ առաջ շուրջ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ հատել է շփման գիծն ու առաջացել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ։ Արցախի տարածքում ռազմական դրություն է սահմանված։
Վաղը Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը։ «Սովորական հանդիպում չի լինելու», - ենթադրում է արցախցի խորհրդարանական Դավիթ Իշխանյանը։ - «Ակնհայտ է, որ նախօրոք նախատեսված հանդիպում է։ Ապրիլի 8-ին թե 9-ին, տեղափոխվեց ապրիլի 19-ը։ Եվ դրան նախորդող օրերին հանդիպում եղավ Բրյուսելում»։
Նախորդ շաբաթ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջնելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի քաղաքական վերնախավում մի շարք քննարկումներ եղան, խորհրդարանի 5 խմբակցություններ հայտարարություն ընդունեցին՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»։
Դավիթ Իշխանյանը շեշտում է, որ Արցախն Ադրբեջանի կազմ տանելը հստակ քաղաքական գիծ է։ Եթե այդպես չէ, եկեք, հանդիպեք, ասեք. - «Առաջարկել և առաջարկում ենք Փաշինյանին հանդիպում ունենալու Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ։ Միայն վարչապետի և նախագահի մակարդակով այդ հանդիպումները տեղի չունենան։ Հեռվից հեռու այլ մեկնաբանություններ տան, թե իբր ճիշտ չենք հասկացել... Հայաստանից հնչում է, որ մեր գործընկերները Արցախում ճիշտ չեն հասկացել։ Կարծում եմ, մենք շատ ճիշտ էլ հասկացել ենք։ Եվ մենք, բացի հասկանալուց, զգում ենք, թե ինչ է տեղի ունենում»։
Հայ ուխտավորները Դադիվանքում մասնակցել են զատկական պատարագին
Այսօր Արցախում ոչ աշխատանքային օր է, մեռելոց։ Երեկ մեկ տարվա դադարից հետո շուրջ 60 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք ուխտագնացության են մեկնել, մասնակցել են զատկական պատարագի։ Հայկական վանքը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում է։
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվել։ Ամարասի վանական համալիրում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք աղոթել են Արցախի հոգևոր ու ֆիզիկական անվտանգության, պետականության ամրության համար։