Դեռ մինչև պատերազմը Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պարբերաբար հայտարարում էին, թե ամեն ինչ կանեն միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախումից խուսափելու համար։ Արևմտյան երկրները նույնիսկ հրաժարվում էին փակել Ուկրաինայի օդը՝ Ռուսաստանի դեմ ուղիղ բախումից խուսափելու մտավախությունից։
Այսօր, սակայն, Բուչայի սպանդից, «Մոսկվա» հածանավի կործանումից հետո իրավիճակը Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ այնքան է թեժացել, որ Մոսկվայում արդեն հնչում են Արևմուտքի հետ ուղիղ առճակատման գնալու և կործանարար հարված Կիևին հասցնելու կոչեր։
Արևմուտքն ու Ուկրաինան էլ խոսում են հավանական միջուկային հարվածի մասին։
Աշխարհը պետք է պատրաստ լինի նրան, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում, հայտարարել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի խոսքերը, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։
«Ոչ միայն ես, ամբողջ աշխարհը, բոլոր երկրները պետք է անհանգստանան, քանի որ դա գուցե իրական տեղեկություն չէ, սակայն կարող է պարզվել, որ ճիշտ է։ Մենք պետք է մտածենք, չվախենանք, բայց պատրաստ լինենք։ Եվ սա միայն Ուկրաինայի հարցը չէ, կարծում եմ՝ ողջ աշխարհին է վերաբերում», - ասել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿՀՎ ղեկավարը Ռուսաստանի՝ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման սպառնալիքը չի բացառումԱվելի վաղ Ուիլյամ Բըրնսը հայտարարել էր Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու վտանգի մասին։ Նրա կարծիքով` դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսահատվի և կորցնի վստահությունը, որ հաղթում է Ուկրաինայի դեմ պատերազմում։
Բըրնսն ընդգծել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրջորեն է վերաբերվում միջուկային զենքի ռուսական կիրառման սպառնալիքին՝ «հաշվի առնելով նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության հնարավոր հուսահատությունը, հաշվի առնելով այն ռազմական անհաջողությունները, որոնք նրանք ունեցան Ուկրաինա ներխուժման ժամանակ»։
Բըրնսը սրա հետ մեկտեղ ընդգծել էր, թե չունի տվյալներ զորքերի տեղակայման կամ զենքի տեղաշարժի մասին, որոնք կմատնանշեն միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի համապատասխան ծրագրերը։
Ռուսական դաշնային հեռուստաընկերությունների քարոզչական շոուների վերջին հաղորդումների հիմնական գիծը սա է` «մեր դեմ այսօր ոչ թե Ուկրաինան է պատերազմում, այլ Միացյալ Նահանգները, հավաքական Արևմուտքը», սա արդեն այնքան ակնհայտ է, որ պետք է փոխել պատերազմի ռազմավարությունը և ավելի վճռական քայլերի դիմել: Ինչ են նշանակում վարչական քայլեր, Մոսկվան չի ասում, սակայն հորդորում է Վաշինգտոնին դադարեցնել զենք մատակարարել Ուկրաինային, հակառակ դեպքում սպառնալով, թե կլինեն միջազգային անվտանգության համար անկանխատեսելի հետևանքներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգները մտադիր չէ դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն ՈւկրաինայինՄինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմին «ոչինչ չի ստիպի» հրաժարվել Ուկրաինային աջակցությունից։ Այսպես է նա պատասխանել Ուկրաինային զենքի մատակարարման «հետևանքների» վերաբերյալ նախազգուշացումով ռուսական նոտայի ազդեցության մասին CNN-ի հարցին։
The Washington Post-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին, որտեղ ասվում է. «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետևանքներ է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»:
Ռուսաստանը հայտարարել է նաև ուկրաինացի ծայրահեղականների ձեռքում զենքի վտանգի մասին, հայտնել էր հրատարակությունը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, թե իրականում պատերազմը ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է, այլ Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի, ավելի ճիշտ Միացյալ Նահանգների միջև։ Իսկ Պուտինն էլ օրեր առաջ ասել էր, թե կիսում է այն գաղափարը, որ ԱՄՆ-ն պատերազմելու է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին:
Your browser doesn’t support HTML5