Փաշինյան-Ալիև բրյուսելյան վերջին բանակցություններից հետո Ադրբեջանում նկատում են՝ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի աստիճանական նվազմանը զուգահեռ մեծանում է Եվրամիության ազդեցությունը։
Քաղաքագետ Ազեր Քասըմլըն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Բրյուսելը մեծացնում է ջանքերը Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ Ղարաբաղում ու Հարավային Կովկասում կայունություն է ուզում:
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Արևելյան գործընկերներության ու Եվրոպական խորհրդի անդամ են: Եթե Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժում, նշանակում է` մտադիր է մոտենալ Եվրամիության սահմաններին: Այս իմաստով Հարավային Կովկասը կարևոր է, քանզի ինչ-որ առումով դիտվում որպես անվտանգության գոտի Եվրոպայի համար: Այդ պատճառով Եվրոպայի շահերից է բխում, որ Կովկասում խաղաղություն ու ժողովրդավարություն հաստատվի, այս տարածաշրջանի երկրները ինտեգրվեն եվրոպական ինստիտուտներին: Այս երկրների լիարժեք անվտանգությունը միևնույն ժամանակ Եվրոպայի անվտանգությունն է», - ասում է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանը կարևորվել է Մինսկի խմբի դերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացումԱնցած շաբաթ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցություններից հետո հաղորդվեց, որ կողմերը պայմանավորվել են նաև մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի և սահմանի երկայնքով կայունության և անվտանգության հարցերով։ Բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Ազատությանն» ասել էր, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, եվրոպացի պաշտոնյան նշել էր. «Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ տեղում, քանի դեռ համատեղ սահմանային հանձնաժողովն իսկապես արդյունքներ չի տվել դելիմիտացիայի և կայուն, անվտանգ իրավիճակ երաշխավորելու ուղղությամբ»:
Եվրոպական խորհրդարանում արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, քաղաքագետ Էլդար Մամեդովի կարծիքով ևս՝ Ռուսաստանին հնարավոր չէ դուրս թողնել այս գործընթացից: Նրա խոսքով` չնայած բրյուսելյան հանդիպումը դրական էր անցել, սակայն միակ իրական արդյունքը սահմանային հանձնաժողովի ստեղծման շուրջ պայմանավորվածությունն է, որը, սակայն, խաղաղության ճանապարհին մեծ առաջընթաց չի նշանակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել«Պարզ չէ, թե ինչի հիման վրա է իրականացվելու դելիմիտացիան և դեմարկացիան: Եթե նայենք ռուսական կողմի հայտարարություններին, բոլոր քարտեզները միայն Մոսկվայում են: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր առաջ տանել գործընթացը առանց Ռուսաստանի մասնակցության», - հարցնում է նա:
Քաղաքագետ Ազեր Քասըմլիի կարծիքով` Ռուսաստանի դերակատարության հետագա ընթացքը մեծապես կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումից: Ասում է՝ որպես պատերազմում հաղթած կողմ՝ Բաքուն պետք է մեծացնի Երևանի հետ ուղիղ շփումը՝ այսպիսով նվազեցնելով Մոսկվայի դերը գործընթացում: