Այսօր Ուկրաինայի նշանաբանն է «Ազատություն կամ մահ»
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 43-րդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Ակնհայտ է` այս օրերին բոլոր քննարկումների առանցքային թեման պատերազմն է, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական օպերացիա»:
Այսօր Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին ուղերձով է դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ռուսաստանը բացարձակապես վստահ է իր անպատժելիության մեջ այն ամենի համար, ինչ անում է: Եվ մենք պետք է դրա վերջը տանք և պատասխանատվության ենթարկենք այդ երկիրը: Մենք պետք է փրկենք Օդեսան այն ավերից, որը տեսավ Մարիուպոլը, մենք պետք է գտտնենք Ռուսաստան արտաքսված բոլոր մարդկանց, պետք է փրկենք նրանց, ովքեր դեռ մնում են Մարիուպոլում»,- ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ Ուկրաինան սերտ կապեր ունի Հունաստանի հետ: Ուկրաինայում, մասնավորապես, Օդեսայում, Մարիուպոլում և այլ քաղաքներում եղել են հունական համայնքներ, և այսօր էլ կան ծագումով հույն բնակիչներ, տարածված էին և այսօր էլ պահպանվել են հելլենական մշակութային արժեքները: Դրանք պահպանելու նպատակով Օդեսայում ստեղծվել է «Ֆիլիկի Էտերիա» միությունը:
«Ձեր հեղափոխականների նշանաբանն էր «Ազատություն կամ մահ», այսօր Ուկրաինան այդ նշանաբանով է առաջնորդվում»,- ասել է Զելենսկին հույն օրենսդիրներին:
«Պուտինը չի գրավել Կիևը, չի վերացրել ուկրաինական պետականությունը»
Մահ ու ավեր սփռելուց և լուրջ կորուստներ կրելուց զատ, ի՞նչ նվաճումներ ունեն ռուսները: Երեկ գնահատական է տվել Միացյալ Նահանգների պաշտպանական կառույցը:
«Պարոն Պուտինի ռազմավարական նպատակներին հասնելու արդյունքը զրո է, նա չի գրավել Կիևը, գահընկեց չի արել Ուկրաինայի իշխանությունը, նա չի վերացրել ուկրաինական պետականությունը: Նա ընդամենը կարողանում է հսկողության տակ առնել ոչ մեծ բնակությամբ ավաններ, և նույնիսկ դրանք չեն եղել նրա իսկական թիրախները»,- ասել է պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ջոն Քիրբին:
Մարտերը շարունակվում են, ուկրաինական ուժերը որոշ շրջաններում կատաղի դիմադրություն են ցույց տալիս, բայց ռուսներն էլ՝ թեկուզ սպասվածից շատ ավելի դանդաղ և ձգձգումներով, այնուամենայնիվ առաջ են շարժվում:
Նրանց զսպելու, ապա հետ շպրտելու միակ ուղին զենքն է, որի շուրջ Կիևը բանակցում է Արևմուտքի հետ:
Ամբողջությամբ արգելափակել ռուսական էներգակիրների ներկրումը
Իսկ մյուս զենքը, որը սպառազենից ոչ պակաս մահացու է՝ սանկցիաներն են: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այդ մասին խոսել է այսօր Բրյուսելում, որտեղ ժողով են գումարել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները:
«Մենք շարունակելու ենք պահանջել ամբողջությամբ արգելափակել ռուսական նավթի և գազի ներկրումը, SWIFT-ից անջատել ռուսական բանկերը, ռուսական նավերի և բեռների համար փակել նավահանգիստները` բացառություն անելով միայն մարդասիրական նշանակության ապրանքների համար»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոշոր պատերազմական հանցագործություն»
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին խոսել է պատժամիջոցների մասին: Նախ նա անդրադարձել է Բուչայից ստացված սարսափելի պատկերներին:
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոշոր պատերազմական հանցագործություն: Պատասխանատու պետությունները պետք է միավորվեն և այդ հանցանքը կատարողներին պատասխանատվության կանչեն: Բոլորս միասին՝ մենք և մեր դաշնակիցներն ու գործընկերները, ավելի թանկ կդարձնենք գինը, որը կվճարի Պուտինը և էլ ավելի կսաստկացնենք Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը»,- ասել է Բայդենը:
Ուկրաինացիների վերջին առաջարկը Կրեմլի համար անընդունելի է
Մինչդեռ, բանակցային գործընթացում նոր դժվարություններ են ուրվագծվում: Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարն այսօր քննադատել է Կիևին Ստամբուլում վերջերս որոշ չափով համաձայնեցված փաստաթղթից հետ կանգնելու համար:
«Երեկ ուկրաինական կողմը բանագնացների խմբին ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը, որում մենք հստակ տեսնում ենք հրաժարում Ստամբուլում մարտի 29-ին ձեռքբերված համաձայնության առավել կարևոր դրույթներից»,- ասել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա փոխանցմամբ, ստամբուլյան նախագծով Կիևը համաձայն էր, որ Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության միջազգային երաշխիքները չեն տարածվելու Ղրիմի թերակղզու և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքի վրա:
Իսկ երեկվա նախագծում, ըստ Լավրովի, լղոզված ու վերացական բանաձևեր են, և կա մի լրացում, որով առաջարկվում է Ղրիմի ու Դոնբասի խնդիրները քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ընթացքում:
Լավրովն ընդգծել է, որ ուկրաինական կողմի ներկայացրած այդ վերջին նախագիծը Մոսկվայի համար անընդունելի է: Լավրովը միաժամանակ ավելացրել է, որ չնայած տարատեսակ խոչընդոտներին, ռուսական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը:
Your browser doesn’t support HTML5