Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ այսօր Պետդումայում ներկայացնելով կառավարության հաշվետվությունը։
«Ռուսաստանի դեմ ամենաիսկական տնտեսական պատերազմ է սանձազերծվել։ Եվ ձեզ հետ մեր կառուցողական փոխգործողությունից է կախված, թե որքան արագ մենք կարող ենք ադապտացնել տնտեսությունը նոր իրողություններին ու վերադարձնել այն առաջընթաց զարգացման», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Միշուստինը Ռուսաստանի խորհրդարանում։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի տարածքում, որը պաշտոնական Կրեմլն անվանում է «հատուկ գործողություն»։ Ի պատասխան՝ արևմտյան և շատ այլ երկրներ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ։