Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն այսօր նոր պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ՝ Բուչայի զանգվածային սպանություններից հետո։ Ակնկալվում է, որ Արևմուտքը հավելյալ սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի ֆինանսական կառույցների վրա, կարգելի նոր ներդրումները՝ էլ ավելի մեծացնելով Մոսկվայի տնտեսական ու տեխնոլոգիական մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)«Մեր հիմնական նպատակն է՝ զրկել Ռուսաստանի նախագահին այն միջոցներից, որոնք նա օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար», - երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին։
Եվրամիությունը պատրաստվում է նոր սանկցիոն ցուցակում ներառել Պուտինի մտերիմ օլիգարխներ Գերման Գրեֆին, Բորիս Ռոտենբերգին, ինչպես նաև ՌԴ նախագահի դուստրերին, գրում է Financial Times-ը: Սա, իհարկե, սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ Պուտինի դուստրերը, ենթադրաբար, իրենց անունով հաշվեհամարներ կամ դղյակներ ԵՄ տարածքում չունեն, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքով` Պուտինի համար սա ցավոտ սիմվոլիզմ է:
Բրյուսելը ևս հայտարարում է, որ կսեղմի օղակը Ռուսաստանի շուրջ, սակայն առայժմ առաջարկվող սահմանափակումների շարքում չկա Ռուսաստանի վրա ճնշման հիմնական լծակը` նավթի ու գազի էմբարգոն։
Պատժամիջոցների նոր՝ հինգերորդ փաթեթի համաձայն, Եվրամիությունը պատրաստ է հրաժարվել ռուսական ածուխից, խավիարից, ալկոհոլից, փայտանյութից, քիմիական արտադրանքից։ Պատրաստ է փակել նավահանգիստները ռուսական նավերի համար (բացառությամբ էներգակիրներ և սնունդ տեղափոխողների), պատրաստ է փակել նաև ցամաքային սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների առջև։
«Եվ դա դեռ ամենը չէ», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ նշելով․ - «Մենք աշխատում ենք լրացուցիչ պատժամիջոցների վրա, ներառյալ նավթի ներկրումը, և ուսումնասիրում ենք ԵՄ անդամ երկրների առաջարկները, այդ թվում՝ ռուսական էներգառեսուրսների հարկումը և դրանց վճարման մի մասի փոխանցումը հատուկ հաշիվներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդի աշխարհում մեծ տերությունների միջև կոնֆլիկտի հավանականությունը մեծանում է․ ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետԵՄ-ը անհրաժեշտ գազի գրեթե 40 տոկոսը և նավթի ու նավթամթերքի մոտ 60 տոկոսը գնում է Ռուսաստանից, և քանի որ համավարակից հետո էներգակիրների գները բարձրացել են, Ռուսաստանը փաստացի ամեն օր 650 միլիոն եվրո է ստանում Եվրամիությանը վաճառվող նավթից ու գազից։
Կիևը պահանջում է ամբողջական էմբարգո սահմանել, սակայն եվրոպացի ղեկավարներն ամեն օր հայտարարում են, որ շտապ որոշումն՝ առանց այլընտրանքների, կործանարար հետևանքներ կունենա իրենց երկրների տնտեսության համար։ Ռազմական փորձագետներն էլ, իրենց հերթին, պնդում են՝ պատերազմական գործողությունները կարող են շատ երկար տևել։ Նախօրեին այդ մասին է հայտարարել է նաև Միացյալ Նահանգների զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին։
Your browser doesn’t support HTML5
«Ես չգիտեմ տասնամյակների մասին, բայց առնվազն մի քանի տարի՝ հաստատ», - ասել է ամերիկացի բարձաստիճան զինվորականը, պնդելով, թե Միացյալ Նահագները և նրա դաշնակիցները և ՆԱՏՕ-ի գործընկերները «բավականին երկար ժամանակ ներգրավված են լինելու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ «ուկրաինական հակամարտության հաջորդ փուլը կարող է չափվել ամիսներով կամ ավելի երկար»։
Որոշ աղբյուրներ էլ չեն բացառում, որ ռազամական գործողությունները հատեն ռուս-ուկրաինական սահմանը․ Ռուսաստանի Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդ քաղաքում սկսել են խրամատներ փորել, տեղեկությունը հաստատել է Բելգորոդի Շեբեկինսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ժդանովը, հավելելով, թե ապահովության համար են փորում, իրական վտանգ չկա։ Իսկ Ռուսաստանի Կուրսկի մարզի ղեկավարն էլ հայտարարել է սահմանապահների դիրքերը գնդակոծելու փորձի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի ու Չեռնիգովի մերձակայքումՕրեր առաջ Մոսկվան հայտարարել էր, թե նվազեցնում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի մերձակայքում՝ որպես ընդառաջ քայլ ուկրաինական կողմի հետ բանակցություններում։ Արևմուտքը, սակայն, հայտարարում է, թե իրականում ռուսական բանակը վերակազմավորում է ուժերը՝ Դոնբասում առաջխաղացման գնալու համար։
«Մեր կարծիքով՝ առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կփորձի իր վերահսկողության տակ առնել ողջ այդ շրջանը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր փուլիՈւկրաինայի իշխանություններն այսօր կոչ են արել միանգամից 3` Խերսոնի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի բնակիչներին հեռանալ, քանի դեռ դա հնարավոր է: