Ռուսաստանը սպասում էր, որ Ուկրաինա նախագահը կվախենա, իսկ Զելենսկին հավաքեց դիվանագետների և զինվորականների շատ լավ թիմ, որը կարողացավ ռուսներին շատ լավ հակահարված տալ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ուկրաինացի քաղաքագետ Պյոտր Ախոտինը։
Քաղաքագետը, վկայակոչելով իր տեսածը և ուղիղ բախումների մասնակից ընկերների պատմությունները, շեշտեց՝ ռուսներն իսկապես չէին սպասում, որ Ուկրաինան նման հակահարված կտա։
«Ռուսները կարծում էին, որ Ուկրաինայում նախագահը կատակերգու դերասան է՝ КВН-ի խաղացող, բայց պարզվեց, որ նա պատրաստ է լավ որոշումներ կայացնել, ճիշտ որոշումներ կայացնել, պատրաստ է բանակցել արևմտյան գործընկերների հետ և իրեն կարողացել է ամրապնդել գեներալ Զալուժնիով, ով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է», - ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով՝ Ուկրաինայի գաղտնի զենքի մասին՝ կոռուպցիան Ռուսաստանի Դաշնությունում։
«Կարծում եմ, որ նրան [Պուտինին] ասել են, թե Ուկրաինան բաժանված է, որ ուկրաինացիները իրար մեջ կռվում են Զելենսկու և Պորոշենկոյի [Ուկրաինայի նախկին նախագահ], հնարավոր է Կլիչկոյի [Կիևի քաղաքապետ] և այլ առաջնորդների համար, որ շատ ամուր դիրքեր է զբաղեցնում ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, ում դեմ Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել, բայց իրականում մենք տեսանք, որ հենց պատերազմը սկսվեց, իշխանությունն ու ընդդիմությունը միավորվեցին։ Զելենսկին իր գործն է անում, Կլիչկոն, որպես Կիևի քաղաքապետ, զբաղվում է իր առջև դրված խնդիրներով, իսկ Պորոշենկոն, որպես պատգամավոր, քաղաքական գործիչ, խոշոր գործարար, օգնություն է տրամադրում նաև որոշ գումարտակներին։ Հիմա պարզապես չկա այնպիսի պառակտում, որի մասին կերազեր Ռուսաստանի Դաշնությունը», - եզրափակեց Ախոտինը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․