«Ես լավ բան չեմ սպասում», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, հայտարարեց Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
«Ես լավ բան չեմ սպասում, ինչո՞ւ, որովհետև հայկական կողմն, իհարկե, ավելի շատ է խոսում, բայց անընդհատ խոսվում է խաղաղության դարաշրջանի սկզբի մասին, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը գյուղ է գրավել, բարձունք է գրավել, դա ռազմական բախում է, մարդիկ են զոհվել, կամ գազը փակել, բարձրախոսներով մարդկանց ստիպել, որպեսզի լքեն բնակավայրերը: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել նման քայլեր և խոսել խաղաղության դարաշրջանի մասին: Նշանակում է խաղաղությունը պարտադրվո՞ւմ է ուժով, զենքով», - նշեց Բալայանը:
Ըստ Բալայանի, պետք է հստակեցվի՝ ինչ է ենթադրում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. «Հայ ժողովուրդը 30 տարի պայքարել է մեկ նպատակով՝ ունենալ իր հայրենիքում անկախ պետականություն»:
«Եթե Ադրբեջանն այսօր խոսում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա, վաղը ասեն՝ «դե լավ Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարություն ենք տալիս կամ ինչ-որ ինքնավարություն ենք տալիս», իհարկե, դա չի նշանակում հարցի լուծում», - ընդգծեց նա:
«Ազատության» հարցին՝ Արցախի անվտանգության հարցում Երևանի դիվանագիտական քայլերը բավարար համարո՞ւմ է, Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Կարծում եմ, որ բավարար չէ, որովհետև մի տեսակ այդ քայլերը վախվորած քայլեր են և դա թույլ չի տա, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին»:
Վաղը Բրյուսելում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի դրանից, Բաքուն մինչև օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։