Ըստ վերլուծաբանի, Ղարաբաղում լարվածությանը հիմք է տվել նաև ռուսական հարձակումը Ուկրաինայի դեմ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած հարձակումից հետո Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների կամքն ու կարողությունը, պնդում է Լոնդոնում գործող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Չաթամ Հաուզի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան

Ղարաբաղյան խնդրին քաջածանոթ փորձագետը փաստում է՝ վերջին պատերազմից հետո տեղում ենթկառուցվածքների հետ կապված իրավիճակն առանց այդ էլ անկայուն էր, սակայն այս նոր լարվածությանը հիմք է տվել նաև ռուսական հարձակումը Ուկրաինայի դեմ, որը հնարավորությունների պատուհան է բացել Ադրբեջանի համար։

«Նախ, այս իրավիճակը ակնհայտ է դարձնում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության թույլ կողմերը», - փաստում է վերլուծաբանն՝ արձանագրելով, որ տեղակայված 1960 զինվորներն ու մոտ 2000 քաղաքացիական ծառայողները չունեն հստակ մանդատ և կոնկրետ կանոններ՝ իրենց անելիքների վերաբերյալ։

«Սա ձեռք է տալիս Բաքվին, որը առիթը բաց չի թողնում ընդգծելու՝ ռուսական առաքելության ժամանակավոր բնույթը», - փաստում է բրիտանացի վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ առաքելության ղեկավարների հետ Ադրբեջանի իշխանությունների հարաբերությունները հարթ չեն եղել։

Երկրորդ, միջազգային արձագանքը ռուսական ներխուժմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին միևնույն հարթության վրա դնել հետխորհրդային տարածքի տարաբնույթ հակամարտությունները՝ զուգահեռներ տանելով Ղարաբաղի ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների միջև։ Թեև հետազոտողները մինչ օրս մանրամասնորեն ներկայացրել են հետխորհրդային տարածքի տարբեր հակամարտությունների, դրանց առաջացման պատճառների ու դերակատարների միջև առկա տարբերությունները, սակայն Ուկրաինայում այժմ սկսված պատերազմը հնարավորություն է տալիս Ղարաբաղը ներկայացնել որպես մեծամասնության կողմից մերժված Լուգանսկի ու Դոնեցկի կրկնօրինակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահների պահուստային ուժեր կկենտրոնացվեն Փառուխի հատվածում

Ավելին, պնդում է փորձագետը, քանի դեռ թեժ ռազմական գործողություններ են ծավալվում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ միասնական կոնսենսուսը գերակայում է պատմական ճշգրտությանը, մի կողմ է դնում պատճառահետևանքային կապն ու մտահոգությունները այն մարդկանց իրավունքների շուրջ, որոնք շարունակում են ապրել վիճարկվող սահմաններից անդին։

Մյուս կողմից, ըստ վերլուծաբանի, Արևմուտքի մոբիլիզացիան՝ հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ցավ է պատճառում Բաքվին, հիշեցնելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում միջազգային համայնքը երբեք այդքան միասնական քայլեր չէր ձեռնարկել։

Վերլուծաբանը նաև փաստում է՝ վերջին զարգացումները ընդգծեցին, թե ինչ աստիճանի է այլևս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձել ռուս-ադրբեջանական բանակցությունների թեմա՝ մի կողմ թողնելով Հայաստանին։

Եվ որքան ձգվի ռուսական հարձակումը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի հավանական է, որ Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում կակտիվանան, ինչը Բաքվի կողմից ներկայացվում է որպես սեփական տարածքը հայկական զինված խմբավորումներից մաքրելու՝ հակաահաբեկչական գործողություն։ Թեև Բաքուն հենց այսպես է հիմնավորում իր վերջին քայլերը՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետին, սակայն, բուն տեքստում Ղարաբաղի տեղական զորամիավորումների մասին հստակ որևէ բառ չկա, արձանագրում է Լոնդոնում գործող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Չաթամ Հաուզի վերլուծաբանը՝ Լոուրենս Բրոերսը։