Մատչելիության հղումներ

Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան


Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու՝ ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար, վստահեցնում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Պաշտոնյան պնդում է՝ իրավիճակը վերահսկելի է:

«Այո, բարդ է, բայց դա կապ չունի: Մենք ապրում ենք նման իրավիճակում տարիներ շարունակ, առավել ևս 2020 թվականի վերջի երրորդ պատերազմից հետո հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք», - ասաց Բաբայանը:

Առաջնագծի բոլոր հատվածներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը և մինչև առավոտյան ժամը 10-ը իրավիճակը չի փոխվել՝ մնալով լարված, սակայն հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, այս մասին այսօր հրապարակավ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ:

Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել:

«Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», - նշեց Դավիթ Բաբայանը:

Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց նաև, որ Փառուխի օրինակով Ադրբեջանական հարձակման տարածման միտումներ կան:

Փառուխը հիմա, ըստ պաշտոնական տեղեկությունների, խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ ռազմավարական Քարագլուխ բարձունքում ամրացված հենակետերում դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի զինուժը:

Արցախի արտաքին գործերի նախարարն ասում է՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ծավալապաշտական նկրտումները, սա նորություն չէ. «Մենք գիտենք՝ ինչ է Ադրբեջանը, սա ոչ միայն Փառուխն է, սա գազամատակարարման երկու անգամ տապալումն է, հումանիտար ահաբեկչություն է և այլն, բայց պետք է կանգնենք, պետք է աշխատենք, պետք է ամուր լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և իսկապես հասկանանք, որ պատմական պահ է, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»:

Պաշտոնական Ստեփանակերտից Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ ֆոնին կրկին հաստատում են՝ իրենց համար կարմիր գիծ է՝ Արցախը երեբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Սա կարմիր գիծ է, որը մենք երբեք չենք խախտի անկախ ամեն ինչից՝ ինչ է ուզում Ադրբեջանը, ինչ խոստումներ է տալու, իհարկե, այդ խոստումները լինելու են ոչ իրատեսական, նրանք չեն կատարելու իրենց խոստումները: Մեզ համար Ադրբեջանում որևէ հնարավորություն գոյատևելու չկա. կա՛մ վերածվելու ենք համակենտրոնացման ճամբարի, կա՛մ պարզապես լինելու է ցեղասպանություն և հայաթափում», - ընդգծեց Բաբայանը:

Արցախայության համար անընդունելի է որևէ քննարկում՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը կարող է ենթադրի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, շեշտում է, Բաբայանը. «Սա օրակարգում է: Մեր արտաքին քաղաքական օրակարգը մնացել է գրեթե անփոփոխ, ավելացել է ևս մեկ տարր՝ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, բայց մնացածը՝ միջազգային ճանաչումը, ինքնիշխանության պահպանումը, տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այլն, սրանք մնացել են օրակարգում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG