Օրերս նույն բովանդակությամբ հայտարարություն էր տարածել նաև Անվտանգության խորհուրդը։
Բաքվից հնչող վերջին հայտարարությունների նպատակը հիմքեր ստեղծելն է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորելու համար, ասաց Փաշինյանը. - «Նա նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով ու բանաձևումներով»:
Ըստ Փաշինյանի, Բաքուն կեղծ լուրեր է տարածում, թե Հայաստանն իր 4 СУ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար, կամ թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ղեկավարության ռազմավարական նպատակը Արցախի հայաթափումն է. փորձագետներՍակայն, ըստ վարչապետի, ամենաշատը Ադրբեջանը շահարկում է խաղաղության պայմանագրի հարցը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե Հայաստանն անարձագանք է թողնում այդ առաջարկը. - «Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»:
Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա։ Նախագահ Ալիևն այսօր կրկին խոսել է այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ընթացքում։
Բաքուն նպատակ ունի փակել Ղարաբաղի հարցը
Ըստ Հայաստանի վարչապետի, այս քաղաքականությամբ ու Փառուխ գյուղի ուղղությամբ սկսված հարձակումով Ադրբեջանը նպատակ ունի փակել Ղարաբաղի հարցը՝ այնտեղից հայերին տեղահանելու և էթնիկ զտումների միջոցով։
Ըստ Փաշինյանի, այդ նպատակին են ծառայում նաև Ադրբեջանի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Ղարաբաղից։ Նման պարտավորություն հայկական կողմը չի ստանձնել, ընդգծեց կառավարության ղեկավարը. - «Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան: Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է»:
Պաշտոնական Բաքվին քննադատելուց բացի, Փաշինյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց նաև ռուսական կողմից՝ պնդելով, թե Փառուխ գյուղի հատվածում արդբեջանական ուժերը առաջ են եկել ռուս խաղաղապահների աչքի առաջ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվախությունները խախտելով։ Հայկական կողմն ակնկալում է, որ ռուսական զորախումբը քայլեր կձեռնարկի՝ առաջ եկած ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու ուղղությամբ, հայտարարեց Հայաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբԱվելի վաղ, ըստ հայկական կողմի, Փաշինյանն այս մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում։ Կրեմլը, ի դեպ, անցած շաբաթ տեղի ունեցած այդ զրույցի մասին մինչ օրս հաղորդագրություն չի տարածել։
«Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում», - ասաց Փաշինյանը:
Խաղաղապահների ներկայությունը չի խանգարում ադրբեջանցիներին նաև ահաբեկել Ղարաբաղի բնակիչներին, հայտարարեց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ նրանք բարձրախոսներով մարդկանց սպառնում են հեռացնել իրենց տներից, հայկական եկեղեցիների վրայից ջնջել «կեղծ գրությունները», ինչպես նաև մուսուլմանական ազան միանելով գյուղացիների պատուհաններից ոչ հեռու. - «Բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց»։
Անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցն այսօր է եղել։ Կրեմլի հաղորդմամբ քննարկել են Ղարաբաղում ստեղծված վիճակը, ընդգծել նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր կետերի հետևողական իրականացման կարևորությունը։
Այդ պայմանավորվածություններին այսօր անդրադաձավ նաև Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Սոչիում համաձայնել էին սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողով ստեղծել, իսկ մինչ այդ էլ ապահովել, որ իրավիճակը սահմանին անվտանգ ու կայուն լինի. - «Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու եւ սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչեւ օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել»։
Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը նաև այս հարցում է փորձում պահպանել լարվածությունն ու ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ հակառակ միջազգային համայնքի հորդորներին. - «Ամեն դեպքում կարծում եմ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել»:
Ղարաբաղում և տարածաշրջանում ստեղծված վիճակի մասին մոտ 30 րոպե տևած ելույթի վերջում Փաշինյանը վերստին ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր՝ իր կողմից լրացված դրույթներով, որոնք վերաբերում են Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. Միրզոյան