Ռուս խաղաղարար կոնտինգենտն Արցախում է Ռուսաստանի շահերը սպասարկելու համար՝ ի հաշիվ առաջին հերթին Ադրբեջանի, երկրորդ հերթին Հայաստանի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Աբսուրդ է հավատալը, թե ռուս խաղաղապահները այնտեղ են արցախահայությանը պաշտպանելու համար, շեշտեց քաղաքագետը՝ դա մանկամտություն որակելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների. Միրզոյան«Ռուս խաղաղարար կոնտինգենտն այնտեղ երկու նպատակ ունի՝ որպես ճնշման գործիք և որպես զիջումների գործիք ծառայել առաջին հերթին Ադրբեջանի և երկրորդ հերթին Հայաստանի համար, որովհետև խնդիրներն ավելի լուրջ են և ավելի Ռուսաստանի համար կարևոր են այս պահի դրությամբ Ադրբեջանի հետ, քան Հայաստանի։ Թե հիմա որ վիճակում ինքը կդառնա ճնշման գործիք, որ իրավիճակում կդառնա սիրաշահման գործիք, դա արդեն կախված է իրավիճակից», - ասաց Քոչինյանը։
Քոչինյանն այս հայտարարությունը տեսնում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով Մինսկի խմբի համանախագահությանը դիմելու տրամաբանության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթՔաղաքագետի համոզմամբ, Հայաստանի պետականությունը հարատևելու միակ ճանապարհը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է։
«Կա՛մ Ռուսաստանի թուլանալով, կա՛մ Ռուսաստանի ուժեղանալով էս բոլոր ճանապարհները մեզ տանում են մեկ ուղղությամբ, եթե մենք մեր հարաբերությունները չենք կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, էս բոլոր ճանապարհները մեզ տանում են դեպի Միութենական պետություն, իսկ դրանից հետո դեպի ռուսական կայսրության կազմը մտնել, այ էս սցենարն է ամենավտանգավորը», - եզրափակեց Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․