Կազմակերպության՝ այսօր հրապարակած տարեկան զեկույցը պնդում է, թե վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում ավելի քան հարյուր մարդ է սպանվել հայկական կողմի տեղադրած ականների պատճառով։ Միաժամանակ, զեկույցը մեջբերում է Եվրոպայի խորհրդի նախագահի խոսքերը, թե Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, թեև Ադրբեջանը վիճարկում է դրանց ճշգրտությունը։
Զեկույցը քննադատում է նաև Բաքվի իշխանություններին՝ արձանագրելով, որ անցած տարեվերջի դրությամբ Ադրբեջանում պահվում էին հայաստանցի ավելի քան 60 գերիներ։ Հիշատակվում է Եվրոպայի խորհրդի՝ ամսիներ առաջ հնչեցրած մտահոգությունը, թե հայաստանցի գերիները շարունակում են պահվել անմարդկային պայմաններում, նրանց նկատմամբ իրականացվում է անարդար, արագ դատավարություն։ Միաժամանակ, նշվում է, որ հայաստանցի շուրջ երեսուն գերիների ճակատագիրը մինչ օրս անհայտ է, և կան ենթադրություններ, թե նրանք կարող են սպանված լինել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի պաշտոնյաները ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումներում անդրադարձել են հայ ռազմագերիների հարցինՀեղինակավոր կազմակերպությունը անդրադառնում է պատերազմի հետևանքով տեղահանված անձանց։ Փաստելով, որ թեժ մարտերից հետո փախստականներից շատեր վերադարձել են Ստեփանակերտ ու հայկական կողմի վերահսկոցության տակ գտնվող տարածքներ՝ Amnesty International-ը միաժամանակ նշում է, որ շուրջ 36 հազար մարդ շարունակում է տեղահանված մնալ, նրանց գերակշռող մասը թողել է իր տները տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Միջազգային կազմակերպությունը անդրադարձել է նաև ներհայաստանյան իրավիճակին, պնդելով, որ խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։
«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը», - արձանագրել է Amnesty International-ի այս արվա զեկույցը։
Միջազգային կազմակերպությունը փաստել է, որ շարունակվում է քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։ «Շինծու» որակելով նրա դեմ հարուցված գործը՝ Аmnesty-ն նշում է, թե նա կարող է երեքից վեց տարվա ազատազրկման դատապարտվել եզդի փոքրամասնության հանդեպ իշխանությունների քաղաքականությունը քննադատելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը Հայաստանի իշխանությանը կոչ է անում դադարեցնել հետապնդումը եզդի ակտիվիստի նկատմամբ, չեղարկել ազատ խոսքը վտանգող օրինագծերըՄիջազգային հեղինակավոր կազմակերպությունը պնդում է, թե Հայաստանի գլխավոր դատախազությունն ու իրավապահ այլ մարմիններ ձախողել են արդյունավետ հետաքննություն անցկացնել 2020-ի պատերազմից հետո մի շարք ՀԿ-ների ու լրատվամիջոցների դեմ տեղի ունեցած հարձակումների կապացությամբ։ Այս շարքում նշվում են սպառնալիքներն ու հարձակումները Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի և Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակների դեմ։
Զեկույցը փաստում է, որ անցած տարվա ընթացքում բողոքի ակցիաներն ու հանրահավաքներն, ընդհանուր առմամբ, թուլատրված են եղել՝ հիշեցնելով, որ 2021թ. հունվարին կառավարությունը չեղարկեց քովիդով և անվտանգության նկատառումներով պայմանավորված հավաքների սահմանափակումները։