Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտոնյաները ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումներում անդրադարձել են հայ ռազմագերիների հարցին


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Երևանում ընդունելով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ- պարտավորությունների հարցով համազեկուցողներին, շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Նա կարևորել է դեռ ապրիլին հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽԽՎ-ում քննարկումը և զեկույցի ընդունումը:

Համազեկուցողներին ընդունել է նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Մոնիտորինգի թիմին ներկայացվել են «նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ», փոխանցում է Արդարադատության նախարարությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպմանը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ համապատասխան մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը, հաղորդում է ԱԳ նախարարությունը:

Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր։

Համազեկուցողները հանդիպումներ են ունեցել նաև խորհրդարանական ուժերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG