Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը, հայտնում են պաշտոնական Ստեփանակերտից՝ շեշտելով, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ բարձունքի մի հատվածում ամրացված դիրքերում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը«Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:
Երեկ ուշ երեկոյան ՌԴ ռազմական գերատեսչությունն էր հայտնել, թե բանակցությունների արդյունքով Խրամորթին հարևան Փառուխ գյուղից Ադրբեջանի զինուժը դուրս է գալիս:
Այսօր այս հայտարարությանն կեսօրին պաշտոնական Երևանն արձագանքեց: Արտգործնախարարությունից հաղորդեցին, որ առավոտյան 9-ի դրությամբ Ադրբեջանի զինուժի հենակետները դեռ ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտում են: Դրան կից նաև քարտեզներ էին հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ«Ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
«Ազատության» նկարահանող խումբն այսօր Ասկերանի շրջանի Փառուխի հարևանությամբ գտնվող Խրամորթ գյուղում էր: Չնայած իրավիճակը վերջին օրերին, ըստ տեղացիների, հարաբերականորեն խաղաղվել է, գյուղացիներից շատերը գյուղ չեն վերադարձել, հիմնականում կանայք, երեխաներ ու ծերեր: Գյուղում ոստիկանությունն այսօր արգելում էր նկարահանումները:
Ադրբեջանական զինուժի՝ Արցախ ներխուժման հետևանքով ավելի քան 400 բնակիչ է տուժել, նրանց մեծ մասն այս պահին փաստացի տեղահանված է, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Գեղամ Ստեփանյանն ասում է՝ ադրբեջանական կողմի քայլերը Արցախը հայաթափելու նպատակ ունեն: Տեղահանվածների մեծ մասը հենց Փառուխի հարևանությամբ գտնվող Խրամորթից են. - «Եթե Խրամորթ համայնքի ուղղությամբ կոնկրետ դիմում են զինված գործողությունների, ապա մյուս ուղղություններով զուգահեռաբար շարունակում են իրենց ահաբեկման գործողությունները՝ լինեն դրանք այդ կոչերի տարածումը, լինի դա սոցիալական մեդիա տիրույթում անընդհատ այսպես ասած կոչերը ուղղված Արցախի ժողովրդին՝ լքեք տարածքը, այլապես ձեր նկատմամբ կիրառվելու է ուժ... Համալիր գործողություններ են իրականացվում, և ես շատ մեծ վստահություն ունեմ, որ այդ գործողությունները հենց պլանավորված ու համակարգային կերպով իրականացվում են ադրբեջանական կենտրոնական իշխանությունների կողմից»։
«Շատ հույսեր եմ կապում, որ նորից կգնանք մեր գյուղ»
Խրամորթից գյուղացիները հարևան՝ ավելի ապահով համայնքներ են տեղափոխվել, նաև մայրաքաղաք Ստեփանակերտ:
«Հիմա ես շատ հույսեր եմ կապում, որ նորից կգնանք մեր գյուղ։ Այնտեղ մեր ամեն ինչը թողած, մեր արոտավայրերը, մեր գյուղատնտեսական աշխատանքները կիսատ թողած», - ասում է խրամորթցի Նաիրա Աբրահամյանը։
Նա Խրամորթում է թողել երկու տունը, անասուններին: Հիմա Ստեփանակերտում աղջկա հետ է բնակվում: Մեկ սենյականոց տանը, ընդամենը մի քանի քառակուսի տարածքում՝ առանց կենցաղային նորմալ պայմաններ. - «Սրանից հետո արդեն ես չեմ մտածում տան համար, գույքի համար, ոչ մի բանի համար չեմ մտածում։ Արդեն հիսուն տարեկան եմ, էսօրվանից միայն մտածում եմ իմ թոռներիս մասին, իմ երեխաներիս, մեր հայ ժողովրդի մասին, մեր տղաների, որ էդքան զոհ ենք տվել»։
Նա չի պատկերացնում, թե ինչպես են վերադառնալու գյուղ, երբ ամեն րոպե ադրբեջանական սպառնալիքի տակ են: Անորոշ ու ծանր իրավիճակում կնոջ միակ ուրախությունը թոռներն են, հատկապես վերջինը, որ օրերես է ծնվել: Արմենը տանեցիների առօրյա փոխում է՝ մի քանի րոպեով մոռացության տալով ամենօրյա մտածմունքները, որ պատերազմից հետո ու հատկապես այս տարվա փետրվարից ավելացել ու բարդացել են: